Վանդալիզմ՝ 300 000 տարեկան բնական հուշարձանի նկատմամբ. Երևանի քաղաքապետարանն անհանգստացած է 

Վանդալիզմ՝ 300 000 տարեկան բնական հուշարձանի նկատմամբ. Երևանի քաղաքապետարանն անհանգստացած է 

Այսօր առավոտյան պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Հրազդանի կիրճում ոչնչացվել է 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձանը, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր։

Գրառման հետքերով MediaHub-ը անմիջապես կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ, և ահա քիչ առաջ մեր հարցին ի պատասխան ստացանք հետևյալ պատասխանը․  «Ս․թ․ նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճի հատվածում Ս. Փարաջանովի 8 հասցեում Երևանի քաղաքապետարանի կողմից արձանագրվել է «ԿԱՄԵՐՏՈՒՆ» ՓԲԸ կողմից իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով տարածքում առկա սյունաձև բազալտների վնասման դեպք»։ 

«Ս. Փարաջանովի 8 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է  «ԿԱՄԵՐՏՈՒՆ» ՓԲԸ-ին։ Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 14-ին նշված ընկերությանը տրամադրվել է բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման շինարարության թույլտվություն՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի հ․659-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագիրը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Նշենք, որ ըստ քաղաքապետարանի, սյունաձև բազալտների վնասման դեպքի առնչությամբ իրենք գրություններ են ուղղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և բնապահպանության և ընդերքի տեսչական  մարմին՝ վնասված բազալտե սյուները ՀՀ կառավարության 14.08.2008թ. N967-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բնության հուշարձանների ցանկում ընդգրկված «Անանուն» սյունաձև բազալտներ, (տեղադիրքը՝ քաղ. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ. Սարգիս եկեղեցու մոտ) բնության հուշարձանի տարածքում գտնվելու պարագայում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Նարե Գնունի