Այո, Հայաստանի սահմանին և Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելու գաղափար կա. Միրզոյան

Հայաստանի սահմանին եւ այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցը անցակետեր տեղադրելու գաղափար հնչեցվել է․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

Ադրբեջանի նախագահ Ալիեւն էր Փաշինյանի հետ մյունխենյան վերջին հանդիպումից հետո հայտարարել, թե Հայաստանին առաջարկել է հսկիչ անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին։

Պատասխանելով հարցին, որ իշխանական պատգամավորը հայտարարում է, թե Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» է ուզում՝ Լաչինի միջանքը բացելու դիմաց, Միրզոյանն ասաց, որ Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցն ամրագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն միջանցքի հարցում չի փոխվում։ 

«Լաչինի միջանցքի կարգավորումների հարցը բանակցված ու ստորագրված է, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից։ Ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Իսկապես, Ադրբեջանի ակնկալիքն է՝ Լաչինի միջանցքը բացել մեկ այլ միջանցք ստանալու համար։ Այս նարատիվը նոր չի։ Լաչինի միջանցքը մինչեւ վերջին պատերազմը եւ ողջ բանակցային գործընթացի ընթացքում առանձնացել է որպես հումանիտար, մարդասիրական միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունը շրջապատված է ադրբեջանցիներով եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը հենց Լաչինի միջանցքն է»,-նշեց Միրզոյանը։ 

Անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ԱԳ նախարարն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է դրան, այսպես ասած՝ պայմանով, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության եւ օրենսդրության շրջանակներում, որով անցնում են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։