Պատահական չէ Փաշինյանի ատելությունը, նա երբևէ չի հավակնել դառնալ ժողովրդի էլիտան․ Գագիկ Ղազինյան



Այսօր Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ելույթի ժամանակ անդրադարձավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին՝ նշելով, որ Հայաստանում գոյություն է ունեցել իշխող էլիտա, որն անընդհատ իրեն վերարտադրում է, և բոլոր պետական պաշտոններն այդ էլիտայի ներկայացուցիչների համար են եղել, և այսօր դա ամենաշատը երևում է իրավաբանների վրա։ Փաշինյանի խոսքով՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։


MediaHub.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նշեց, որ սովորություն չունի անդրադառնալու թերուսների արտահայտած հիմարություններին և, առավել ևս, մեկնաբանելու դրանք, քանի որ, նրա կարծիքով, դա կնսեմացնի քիչ թե շատ գիտակից ցանկացած մարդու:


«Հավատարիմ մնալով այդ սկզբունքին ընդամենը կցանկանայի որոշ նկատառումներ հայտնել տվյալ սուբյեկտի հերթական հիմար արտահայտությունների պատճառների մասին։ Նա շատ ծանր է տանում Երևանի պետական համալսարանից իրեն հեռացնելու փաստի մասին բարձրաձայնումը, որի վերաբերյալ ես հրապարակային հայտարարել եմ Ազգային ժողովում 2013 թվականին: Ճիշտ է, այդ ժամանակ չեմ մանրամասնել հեռացման պատճառները, որի մասին տեղյակ են գրեթե բոլոր համալսարանականները, ընդամենը նշեմ, որ այդ պատճառներն առավել քան ցայտուն նկարագիրն են այսօրվա այդ սուբյեկտի վարքագծի: Համոզված եմ, որ սույն անձը, տեղեկացված լինելով ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից 2020թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված պետական դատավաճանության մասին հաղորդման բովանդակությանը և համոզված լինելով դրա ճշմարտացիության և հիմնավորվածության մեջ, խիստ անհանգստացած է այդ հաղորդման երբևէ անխուսափելի հետևանքներով: Եվ, եթե այսօր իրավապահ համապատասխան կառույցների ղեկավարները, դավաճանելով իրենց մասնագիտությանը և տուրք տալով տվյալ սուբյեկտի քմհաճույքին, որևէ քայլ չեն արել և չեն անում շարունակվող պետական դավաճանությունը կասեցնելու ուղղությամբ, դրանով իսկ հանցակից դառնալով դավաճանին, դա չի նշանակում, որ ճշմարտությունը չի բացահայտվելու և արդարությունը չի հաղթանակելու: Ահա, իմ կարծիքով այն երկու հիմնական պատճառները, որոնք ստիպել են տվյալ անձին անդրադառնալ մեր ֆակուլտետին (իմիջիալյոց, տեղյակ չլինելով նույնիսկ ֆակուլտետի ճշգրիտ անվանման մասին):

Ղազինյանը հատուկ մանիպուլացիա որակեց վերջինիս այն ձևակերպումը, որ ֆակուլտետի 60 տոկոսն ատում է ժողովրդին», ասաց Ղազինյանը։


Նրա խոսքով՝ այս կերպ նա կրկին փորձում է իրեն նույնացնել ժողովրդի հետ։


«Ցանկացած խելամիտ մարդ Հայաստանում ատում է իրեն ու իր խմբակին, այլ ոչ թե ժողովրդին։ Թող իրեն չներկայացնի որպես ժողովուրդ, իսկ ատում են, քանի որ ինքն է երկիրն այս վիճակին հասցրել և այսօր էլ շարունակում է իր հանցավոր գործունեությունը»,- նկատեց Ղազինյանը։


Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ պատահական չէ տվյալ անձի ատելությունը կրթության, գիտության, բարձր ինտելեկտի և, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի հանդեպ, քանի որ նա երբևէ իր մտածելակերպով, գիտելիքներով և մակարդակով չի կարող հավակնել ժողովրդի էլիտայի ներկայացուցիչ լինելուն։