Երեք անչափահաս կտրել են զորամասի փշալարը․ տագնապային ազդանշան է միացել, վախից փախել են․ մարզպետը՝ Արագածավանի միջադեպի մասին

Երեք անչափահաս կտրել են զորամասի փշալարը․ տագնապային ազդանշան է միացել, վախից փախել են․ մարզպետը՝ Արագածավանի միջադեպի մասին

Երեք Արթիկ համայնքից անչափահաս երեխաներ՝ 14, 15 և 16 տարեկան, Արագածավան համայնքում են եղել՝ ռուսական զորամասի տարածքում, զորամասի փշալարն են կտրել։ Պատճառն իրականում չգիտեմ, թե ինչ նպատակով են կտրել, հավանաբար, փորձել են տարածքին ավելի մոտենալ։ Փշալարը կտրելու ընթացքում տագնապային ազդանշանն է միացել, երեխաները վախեցել են ու փախել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ մեկնաբանելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել երեկ Արագածավան համայնքում։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց մամուլում, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ տեղեկության՝ երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին վերադարձրել:

Տեղեկությունն ավելի ուշ MediaHub.am-ի հետ զրույցում հերքեց Սերգեյ Մովսիսյանը, ինչպես նաև Թալինի քաղաքապետի ԺՊ Տավրոս Սափեյանը։ Սեփանյանը նշել էր, թե մեր հովիվները ցանկացել են Արաքս գետում լողալ, ռուս սահմանապահները կանգնեցրել են։ Մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ բանվորները աշխատանքներ կատարելիս կտրել են ռուսական զորամասի փշալարը։ Մովսիսյանը նշեց, որ այս տեղեկություններից որևէ մեկն իրականությանը չի համապատասխանում։

«Ոստիկանները փշալարերը կտրած երեխաների հետ բացատրական աշխատանքներ են տարել։ Հավանաբար, ինչ-որ մեկը զորամասի տագնապի ազդանշանն է լսել ու լրատվականներին կեղծ ինֆորմացիա տվել։ Հնարավոր չէր, որ տարածքում թուրքեր մոտենային, սա առաջնային գոտու տարածքում է եղել, այդտեղ 2-րդական և 3-րդական գոտիներ էլ կան։ Տագնապից հետո, երբ ռուս սահմանապահները մոտեցել են փշալարին, երեխաներն այնտեղ չեն եղել»,-ներկայացրեց Մովսիսյանը։

Լիաննա Թորոսյան