Նախ մենք պետք է մեզ պաշտպանենք, հետո ՀԱՊԿ-ից պահանջենք․ Արտաշես Մխիթարյանը՝ Փաշինյանին

Նախ մենք պետք է մեզ պաշտպանենք, հետո ՀԱՊԿ-ից պահանջենք․ Արտաշես Մխիթարյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց՝ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա։ Փաշինյանի խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանը զորավարժություններն իր տարածքում նպատակահարմար չի համարում։ 

Թե ինչ ռիսկեր կարող է պարունակել զորավարժություններին չմասնակցելը,  MediaHub.am-ի հետ զրույցում ներկայացրեց Շուշիի Առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։ Վերջինս շեշտեց, որ այս որոշումը տրամաբանական շարունակությունն է վարչապետի այն հայտարարության, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում սպառնալիք է։

«Ադրբեջանն էլ, իր հերթին, Ռուսաստանի ներկայությունն իր համար սպառնալիք է համարում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ Փաշինյանի մեկնաբանությունը սա է, բայց, իմ համոզմամբ, Փաշինյանը կատարում է Արևմուտքի պահանջները, որպեսզի վերջնականապես Ռուսաստանի ազդեցությունից դուրս գա և գնա Արևմուտքի հոսքով։ Եկեք պարզապես տրամաբանենք. Ռուսաստանի ներկայությունը ՀՀ-ում ինչպե՞ս կարող է սպառնալիք լինել մեզ համար: Հակառակը՝ պետք է, ի վերջո, գիտակցել, որ «անգլիական նավերը հայկական լեռները բարձրանալ չեն կարող», Արևմուտքի վրա հույս դնել պետք չէ, չեն գալու ու մեզ չեն պաշտպանելու, եթե նույնիսկ գան էլ, որպես ՆԱՏՕ անդամ երկիր՝ Թուրքիայի մուտքն են Հայաստանում ապահովելու»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, թե Փաշինյանի այս հայտարարությունները գուցե ՀԱՊԿ-ից «նեղացած լինելն է», քանի որ ՀԱՊԿ-ը մինչ այսօր որևէ գնահատական չի տվել սեպտեմբերի 13-ից սկսած ադրբեջանական ագրեսիային և չի դատապարտել Բաքվի գործողությունները, Մխիթարյանն արձագանքեց՝ զորավարժությունները հրամանատարաշտաբային էին լինելու և իր պնդմամբ՝ մեզ համար կարևոր փորձ կարող էինք ձեռքբերել։

«Միշտ էլ այդ զորավարժությունները եղել են, օգուտից բացիի վնաս չէր լինելու, հրամանատարների ունակություններն էին ամրապնդելու, կատարելագործելու։ Իսկ ինչ վերաբերում է «նեղացած լինելուն»՝ ՀԱՊԿ-ը չէր գալու մեզ համար կռվելու, ես չեմ տեսնում, որ հայաստանյան իշխանությունը ձգտում է հաղթած դուրս գալ։ Եթե մեր ղեկավարությունը վախենում է կտրուկ գործողություններից և ամեն ինչ գցում է ռուսի վրա, ապա ռուսը շատ հանգիստ կարող է պատասխանել՝ եթե դու չես կռվում, ես ի՞նչ անեմ։ Ես չեմ ասում, թե հայ մարդը չի պայքարում, չի կռվում, բայց վերջին ագրեսիայի ժամանակ տեսեք, թե ինչեր կորցրինք, տեսեք, թե որքան անկազմակերպ էր ամեն ինչ։ Բանակն այս վիճակի հասցնելը  հանցանք է, ամեն անգամ կիլոմետրերով տարածք ենք հանձնում թշնամուն, ո՞ւր ենք հասնելու այսպես։ Նախ մենք պետք է մեզ պաշտպանենք, հետո ՀԱՊԿ-ից պահանջենք։ Երբեք մեզ համար ոչ ոք չի կռվելու»,-ամփոփեց Մխիթարյանը։ 

Լիաննա Թորոսյան