Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը 30-40 դրամով նվազել․ տնտեսագետը կրկին գնի բարձրացում է կանխատեսում

Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը 30-40 դրամով նվազել․ տնտեսագետը կրկին գնի բարձրացում է կանխատեսում

Վերջին օրերին հեղուկ գազը հայաստանյան լցակայաններում էժանացել է։ Եթե նախկինում հեղուկ գազի 1 լիտրն արժեր 240-250 դրամ, ապա այսօր 210-220 դրամ է։
 

MediaHub.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադառնալով հեղուկ գազի էժանացմանը՝ նշեց․ «Հեղուկ գազի էժանացումը կարող է պայմանավորված լինել ռուբլու փոխարժեքով, քանի որ մենք մեր գազը հիմնականում բերում ենք Ռուսաստանից և վճարում ենք ռուսական ռուբլով։ Ռուբլու արժեզրկումը նպաստում է Ռուսաստանից ներկրվող հեղուկ գազի գնի նվազեցմանը»։

Նրա խոսքով բոլոր տնտեսվարողները չէ, որ արձագանքում են գնիջեցմանը և սկսում են էժան վաճառել, ավելին՝ նույնիսկ մրցակցային պայմաններում նրանք շարունակում են նախկին բարձր գնով վաճառել և գերշահույթ ապահովել։

Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ այս գնիջեցումը կարճաժամկետ է լինելու․ «Սրան զուգահեռ, հայկական դրամն է արդեն արժեզրկվում, հետևաբար, այս պայմաններում արդեն կարող ենք նույն հավասարակշռության վիճակում գալ, այսինքն, ռուբլին արժեզրկվել է, դրամն էլ է արժեզրկվում և սրա արդյունքում գներն էլի կբարձրանան»։

Արմինե Նավոյան