Որքա՞ն մարդ է բնակվում Բերձորում․ Փաշինյանն իրենց մարդ չի՞ համարում․ մանրամասնում է Բերձորի քաղաքապետը

Որքա՞ն մարդ է բնակվում Բերձորում․ Փաշինյանն իրենց մարդ չի՞ համարում․ մանրամասնում է Բերձորի քաղաքապետը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, խոսելով Բերձորի և Աղավնոյի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հնարավորության մասին, հայտարարեց, որ, ըստ էության, Բերձորում մարդիկ, ընտանիքներ չեն ապրում։

Թեմայի առնչությամբ MediaHub.am-ը զրուցեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։

«Բերձորում ապրողների թիվն 180-ն է, մոտ 30 ընտանիք, այս պահին բնակչությանը Բերձորից դուրս բերելու մասին որևէ պաշտոնական խոսակցություն չկա, գործընթաց` առավել ևս։ Կա խոսակցություն, որ կառուցվում է այլընտրանքային միջանցք, բայց ոչ ավարտի և ոչ էլ այլ հարցերի վերաբերյալ որևէ հստակություն չկա։ Բնակչությունը Հին Շեն կամ այլ տեղ տեղափոխելու մասին այս պահին դեռ գործընթացներ չկան, սակայն թե՛ դեկտեմբերի 1-ից հետո տեղահանված Քաշաթաղի շրջանի բնակչությունը, թե հետագայում Բերձորի ենթադրյալ տեղահանվող բնակչությունը դուրս գալուց հետո, Արցախի Հանրապետությունը պատրաստ է բոլորին ընդունել գոնե մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։

Հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում Բերձորի բնակիչները հանգամանքին, որ Բերձորը հնարավոր է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, քաղաքապետ Ալեքսանյանը նշեց․

«Քանի որ այս պահին դեռ չկա հրահանգ լքելու բնակավայրը, մարդիկ հանգիստ իրենց համար ապրում են, առանց այդ մասին մտածելու։ Պատրաստ են, թե ոչ դրան, դա կերևա հենց այդ ժամանակ, երբ հայտնի լինի՝ ի՞նչ կարգավիճակ կստանան տեղի բնակիչները, ո՞րտեղ կշարունակեն ապրել, կշարունակե՞ն ապրել այդ տարածքում, թե՝ ոչ»,- նշեց նա։

Հարցին՝ սպասելի՞ էր արդյոք Բերձորի հնարավոր հանձնման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը, Ալեքսանյանը նշեց․

«Ընդհանուր առմամբ, սպասելի էր, քանի որ վերջին շրջանում շատ էր քննարկվում հարցը։ Մեզ համար տեսանելի ձևով ճանապարհը կառուցվում է, կար համաձայնագիր, նոյեմբերի 9-ի հայտարարություն, որ երեք տարվա ընթացքում Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհ պետք է կառուցվի։ Սակայն անսպասելին այն էր, որ հնչեց հայտարարություն, որ Բերձորում ընտանիքներ չկան, դա և նման հայտարարությունները բացասական ընդունվեցին բերձորցիների կողմից։ Մարդիկ իրենց վատ էին զգում, այսինքն, ի՞նչ է նշանակում, թե Բերձորում ընտանիքներ չկան, այնինչ այս պահին այնտեղ ապրում է 180 հոգի, մոտ 30 ընտանիք։

Այս պահին ընտանիք ունենք այստեղ` բնակվում են մոտ 10 հոգի, որոնցից 8-ը անչափահաս են, ունենք ընտանիք՝ 6-7 հոգուց բաղկացած, որոնցից 4-5-ը էլի անչափահաս են, այդ ընտանիքների համար ավելի շատ անսպասելի էր այդ հայտարարությունը»։

Ալեքսանյանը անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե լուծված են բերձորցիների բնակարանների հարցը՝ նշելով, որ դա այդպես չէ իրականում․

«Ոչ միայն Բերձորի, այլ նաև ամբողջ Քաշաթաղի շրջանի բնակարանների հարցը պետք է լուծվի, ինչպես նաև բնակարանային աջակցության համար տրամադրվող գումարի չափը»,- ընդգծեց Նարեկ Ալեքսանյանը։

Մերի Գևորգյան