Մենք Եղիշե Մելիքյանից մաքսիմալիստ ենք և ցանկանում ենք, որ նաև «Շերիֆի» արգելքը հաղթահարվի․ Սենիկ Կարա-Պողոսյան

Մենք Եղիշե Մելիքյանից մաքսիմալիստ ենք և ցանկանում ենք, որ նաև «Շերիֆի» արգելքը հաղթահարվի․ Սենիկ Կարա-Պողոսյան

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Փյունիկն»-ն այսօր կխաղա Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Կայանալիք պատասխան խաղի ակնկալիքների վերաբերյալ սպորտային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց՝ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր ֆուտբոլիստներին սովորեցնում է իր նման անմնացորդ նվիրվել խաղին և սա արդեն մեծ ցուցիչ է, որպեսզի տղաները նվիրված մոտենան խաղին։


«Ամեն դեպքում՝ «Փյունիկը» սպասվածից ավելի հեռու գնաց՝ հաշվի առնելով թե՛ կադրային խնդիրները, թե՛ կորուստները: Ամեն խաղին «Փյունիկը» ֆուտբոլիստ էր կորցնում, սակայն որքան ուժեղ մրցակցի էր հանդիպում, այդքան ավելի լավ էր իրեն դրսևորում։ Օրինակ՝ «Կլուժի» հետ արտագնա խաղից գրեթե ոչ ոք այդպիսի արդյունք չէր սպսում, բայց տղաներն արեցին ավելին»,- ասաց նա։


Սենիկ Կարա-Պողոսյանի խոսքով, այս խաղից, իհարկե, սպասելիքներն առավելագույն են.
«Մենք էլ Եղիշե Մելիքյանից մաքսիմալիստ ենք և ցանկանում ենք, որ նաև «Շերիֆի» արգելքը հաղթահարվի, հատկապես, որ «Կլուժի» համեմատ՝ «Շերիֆն» այդքան էլ սարսափելի չէ։ Սա այն «Շերիֆը» չէ, որ հաղթել է «Ռեալին»»,- նշեց նա։


Մեր զրուցակցի գնահատմամբ, «Փյունիկը» կադրային խնդիրներ ունենալով՝ կարողանում էր թիմի հոգեբանության հաշվին հաղթել։
«Պետք է «Շերիֆի» արգելքն էլ հաղթահարենք, Եղիշե Մելիքյանին շատ լավ եմ ճանաչում ու հավատում եմ նրան։ Այս փուլում թույլ թիմ չկա, 2-3 ռաունդ անցել ենք, թույլերը մաղվել են, ու հիմա լավագույները պայքարում են խմբային մրցաշար մտնելու համար։ «Փյունիկը» արտագնա խաղերում ավելի լավ է խաղում, գործոնները մի քանիսն են ու տարբեր, դրա համար իմ ակնքալիքները հենց այսօրվա խաղի հետ են կապված։ Ինչևէ, հաղթանակ մեր «Փյունիկին», հաղթանակ Եղիշե Մելիքյանին, ամբողջ ազգն այսօր նրանց կողքին է»,-ամփոփեց մեկնաբանը։


Հիշեցնենք, որ երեկ Մոլդովայում նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր հայտնի արտահայտությունն էր կրկնել․ «Մեր խնդիրն է` մեռնել կամ տանել մեր հաղթանակը»։ Վերջինս նաև նշել էր, որ «Շերիֆը» թույլ տեղ ունի, որի վրա ճնշում են գործադրելու:


Լիաննա Թորոսյան