Ինչո՞ւ է շտապում «Ապրելու երկիրը» 

Ինչո՞ւ է շտապում «Ապրելու երկիրը» 

«Ապրելու երկիր» կուսակցությունը երեկ ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան՝ Կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով պետք է Երևանի ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրեր, որը չի արվել։ Առաքելյանը սա որակեց որպես ժամանակ շահելու հնարավորություն։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունը որևէ ցանկություն ու նպատակ չունի արտահերթ ընտրությունների գնալու և հատկանշականն այն է, որ այս մասին նույնիսկ քննարկումներ էլ չկան։ MediaHub-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է ստեղծվել և որն է «Ապրելու երկիր» կուսակցության պահանջը։ 

«Եղել է քաղաքապետի հրաժարական, ավագանին այս ընթացքում նոր քաղաքապետի ընտրություն չի կատարել։ Տրամաբանորեն, կա՛մ պետք է ավագանին լուծարվեր, նոր ընտրություններ նշանակվեին, կա՛մ պետք է սպասեինք հերթական ընտրություններին։ Այս հարցն ունի և՛ իրավական, և՛ քաղաքական կողմ։ Իրավական կողմում մի քանի օրենք ունեն հակասություններ․ խոսքը Երևանի ՏԻՄ օրենքի մասին է և Ընտրական օրենսգրքի։ Իմպերատիվ պահանջ չկա, որ Կառավարությունը պետք է կրճատի ժամկետը այս իրավիճակում, քանի որ Երևանի ՏԻՄ օրենքով նախատեսված չէ այն դեպքը, թե ինչ է լինում, երբ ավագանին չի ընտրում քաղաքապետ, հստակ, իմպերատիվ նախատեսված դրույթ չկա։ Սա իրավական կողմն է և, բնականաբար, որևէ դիրքորոշում այստեղ խոցելի է, որովհետև ձևակերպումները հստակ չեն»,-մեկնաբանեց Խաժակյանը։ 

«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ քաղաքական կողմն էլ այն է, որ հստակ չէ՝ գնալ արտահերթ ընտրությունների, թե սպասել հերթական ընտրություններին։ 

«Ես կարծում եմ՝ դաշտի պատրաստ լինելու իմաստով, պետք է սպասել հերթական ընտրություններին։ Ինձ համար անհասկանալի է «Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումը, որովհետև իրենք իրենց քարոզարշավն անցկացնելու համար որևէ խանգարող հանգամանք չունեն։ Ամբողջ քաղաքն իրենց պաստառներն են, որը օրենքը չի արգելում, էլ ի՞նչ խնդիր ունեն։ Պատրաստվում են ընտրություններին, դիրքավորվում են, սա նորմալ է»,-շեշտեց նա։ 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ իրենց տեսանկյունից՝ որևէ օրենքի խախտում չկա, կա որոշակի օրենսդրական բացեր, որոնք այսօր չեն պարտադրում արտահերթ ընտրություններ անցկացնել։ 

«Քաղաքապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրությունների անցկացման օրենքի պահանջ չկա, կա օրենքի պահանջ այն մասով, որ, եթե առաջին նիստում քաղաքապետ չընտրվեր, դրանից հետո ավագանու լիազորությունները կրճատեն. այս դեպքում օրենքի պահանջ չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու։ Կարծում եմ՝ «Ապրելու երկիրը» չի շտապում, այլ իմիտացիա է անում, որ պատրաստ է ընտրություններին, պարզապես, պրոցեսների մեջ լինելու համար դատարան է դիմում, փորձում է ներգրավված լինել նախընտրական գործընթացի մեջ։ Ամեն դեպքում, այս պահին արտահերթ ընտրությունների գնալու քննարկում չկա»,-ներկայացրեց Գալջյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Մարկոս Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց այն, ինչ իր գործընկերները։

«Իրականում, մենք չենք կարող իշխանության ջրաղացին ջուր լցնել, ընտրությունները պետք է լինեն սեպտեմբերին, որպեսզի բոլորը հասցնեն պատրաստվել։ Իմաստ չկա շտապելու, պետք է բոլորը պատրաստվեն սեպտեմբերի համար։ Ես չեմ կարող ասել, թե ով շանս ունի հաղթելու, ով ոչ, կարևոր է, թե ինչ ծրագրեր են ներկայացվելու և ովքեր են ներկայացնողները։ Եթե չեմ սխալվում, 2022 թվականին հենց Մանե Թանդիլյանն էր ասում՝ չի բացառում, որ մի օր Փաշինյանի հետ իշխանության մաս կլինի։ Բառացի կրկնեմ՝ ասել էր․ «Դեմ չենք Փաշինյանի հետ համագործակցությանը՝ իշխանություն դառնալու համար»։ Եթե դեմ չէ, ապա ինչո՞ւ է շտապում: Ստացվում է՝ շտապում է, որ Փաշինյանի հետ շուտ իշխանություն դառնա»,-նշեց Հարությունյանը։

Լիաննա Թորոսյան