Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ արձակվեց

 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնականն ազատ արձակվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Թ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է պաշտպան Գարիկ Գալիկյանից։

Նշենք, որ դատավորի օգնականը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ։ Դատավորի օգնականը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։

Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Ի սկզբանե նախատեսված էր, որ դատարանը բողոքը պետք է քննի գրավոր ընթացակարգով, սակայն, ի վերջո, բողոքը քննվեց բանավոր կարգով և բավարարվեց։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։

Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։ Թե դատավորը, թե փաստաբանը ներկայումս կալանավորված են։