Ոչ մի իշխանության օրոք ՀՀ-ի և Արցախի միջև նման վատ հարաբերություններ չեն եղել․ Ղուլյան

Վերադարձ անպայման պետք է լինի, և դա պետք է լինի ծրագրի տեսքով։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նրա խոսքով՝ վերադարձը ոչ թե երազանք պետք է լինի, այլ՝ նպատակ, իսկ դա իրագործելու համար պետք է լինեն Արցախի պետական մարմինները։

«Հետո շատ դժվար է լինելու այդ վերադառնալու իրավունքի հետ կապված մարդկանց իրավական կարգավիճակի հարցը նորից փոխել»,- նշեց նա։

Ըստ նրա՝ այս իշխանությունն արցախցիների հետ կապված որոշումները հապճեպ է ընդունում, և հենց դրա հետևանքով հազարավոր մարդիկ այսօր չգիտեն՝ ինչ անել, ում դիմել։

«Մարդիկ չգիտեն՝ ում դիմեն, որ իրենց խախտված իրավունքները վերականգնեն»,- նշեց նա։

Արցախցի պաշտոնյայի դիտարկմամբ՝ միայն պետական միջոցներով արցախցիների խնդիրների լուծումն անհնար է գտնել։

«Եվ ես շնորհակալ եմ, որ հանրային մակարդակում նման մոբիլիզացիա եղավ։ Եթե դա չլիներ, կարծում եմ, միայն պետական մակարդակով հնարավոր չէր լինի խնդիրներին լուծում տալ»,- շեշտեց նա։

Ղուլյանը նկատեց նաև, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև նման վատ հարաբերություններ երբևէ չէր եղել, և ոչ մի իշխանության օրոք։ 

«Եվ դա շատ վատ է»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։