Ինչ է կատարվում Արցախում. շրջափակման 74-րդ օր

Ինչ է կատարվում Արցախում. շրջափակման 74-րդ օր

ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: 

Դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ։ 

Բացի դրանից, Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժել է 2023թ. հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։ Ադրբեջանի մեղադրանքները վերաբերել են ականապատմանը, որն իբր հայկական կողմն իրականացնում է Ղարաբաղում՝ ազգությամբ ադրբեջանցի անձանց իրենց տները վերադառնալուն խանգարելու նպատակով։ 

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցի անձանց` մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին:

«Թաթոյան» հիմնադրամը և Արցախի ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ համատեղ զեկույց են հրապարակել:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել են համատեղ անգլերեն զեկույց՝ որում բացահայտել են Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» թշնամանքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, նրանց ատելության իրական մոտիվացիան ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված լինելը, ինչպես նաև այն, որ նրանք երբևէ առնչություն չեն ունեցել շրջակա միջավայրի հարցերի հետ:

Զեկույցում շարադրված են հետևություններ, որոնք հիմնված են հենց նույն զեկույցում տեղ գտած ապացույցների (լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ) վրա: Այն կուղարկվի միջազգային կազմակերպություններին։

Արցախի ԱԳՆ-ն տարածել է մեկնաբանություն՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

Մասնավորապես, մեկնաբանության մեջ նշվում է․ «Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք»։ 

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահների հետ:

Փետրվարի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմի, Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակության, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Կասպար Կարապետյանի, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ու Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, բարձր գնահատել խորհրդարանականների սկզբունքային դիրքորոշումը Եվրոպական խորհրդարանի կողմից՝ Արցախի շրջափակման կապակցությամբ համապատասխան բանաձևի ընդունման վերաբերյալ, ընդգծել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Օրվա վիճակագրական թարմացումներ

•    6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
•    6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
•    Արդեն 283 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
•    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 710 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
•    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 113 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
•    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
•    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 29,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոխորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։