Արցախում ապրող ամեն քաղաքացու կողքին պետք է մեկ զինված խաղաղապահ լինի․ Մամիջանյան

Վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող օրենսդրական նախաձեռնությունները միտված են բոլոր վարչատարածքային միավորների ինքնանավարության նվազեցմանը։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով միջազգային տեսանելի մեխանիզմ ներմուծելու իշխանության հայտարարություններին ու Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին։

Նրա խոսքով՝ այս պահին բանակցությունները ղարաբաղյան կողմը դիտարկում է որպես հումանիտար խնդիրների լուծման բանակցություն, իսկ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես «էթնիկ փոքրամասնության» հետ շփում։

«Իսկ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունների հետ այդ պետությունում տեսնում ենք, թե ինչպես են վարվում։ Հավատալ, որ այս դեպքում ինչ-որ մեխանիզմ հնարավոր է մշակել, քաղաքական միամտություն է»,- նշեց Մամիջանյանը։

Ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, ապա պետք է հասկանանք՝ անվտանգության երաշխիք բացառապես կարող է լինել կարգավիճակի հարցը։

«Ցանկացած այլ հայտարարություն ական է հետագա բանակցային գործընթացի համար։ Ես հիմիկվանից ասում եմ՝ երբ այդ փաստաթուղթը լինի, Փաշինյանի երեսը փրկելու համար ինչ-որ ձևակերպումներ են լինելու, խնդրում եմ չտրվել դրան։ Դա լինելու է խաբեություն, աշխարհաքաղաքական «մուտիտ»։ Իսկ հակառակ պարագայում Արցախում ապրող ամեն քաղաքացու կողքին պետք է մեկ զինված խաղաղապահ լինի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։