Ուղիղ ճակատին, շու՛տ․ 1921 թ. այսօրը Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի փողոցում գնդակահարեց Թալեաթին

Ուղիղ ճակատին, շու՛տ․ 1921 թ. այսօրը Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի փողոցում գնդակահարեց Թալեաթին

1921 թ. այսօրը՝ մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի փողոցում գնդակահարեց Թալեաթին` ըստ էության իրագործելով թուրքական ռազմական դատարանի կողմից ընդունված մահապատժի վճիռը։ Օրվա մասին հիշատակել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 

• Բեռլինի դատարանը անպարտ ճանաչեց Թեհլիրյանին և ազատ արձակեց դատարանի դահլիճից՝ վերապրողներից և ականատեսներից տեղեկանալով հայերի սպանությունների, տեղահանությունների և բռնությունների ահասարսուռ մանրամասների մասին։

• Երիտասարդ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որը հետևում էր Թեհլիրյանի դատավարությանը, սկսում է աշխատել «ցեղապանություն» հանցագործության սահմանման և համապատասխան կոնվենցիայի ընդունման ուղղությամբ։

— «Անցիր դիմացը, դիմա՛ցը, դիմա՛ցը, ուղղակի ճակատին, շու՛տ, շու՜տ, վազի՜ր»…

Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քայլերով բաւական յառաջացայ. անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա։ Յետ դարձայ։ Մօտենում էինք իրար։ Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ձեռնափայտը անփոյթ ճօճելով։ Մի կարճ տարածութիւն մնացած զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս։ Հաւասարուելու վրայ Թալէաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը։ Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց, որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ…

Թալէաթը հարուածից կարծես ցցուեց ու մի ակընթարթ հզօր մարմինը` պրկուեց ձիգ, բայց երերուն. ապա՝ սղոցուած կաղնու բունի պէս երեսի վրայ տապալուեց թնդիւնով․․․ Քիչ դէնը մի կին ճչաց ու գետին փռուեց . մի մարդ վազեց դէպի նա..․ Բնաւ չէի կարող երեւակայել, որ այդպիսի դիւրութեամբ` գետին պիտի փռուի գազանը։ Մի վայրկեան մղում ունեցայ բոլոր գնդակները պարպելու մէջքին, բայց փոխանակ կրակելու ատրճանակս նետեցի։ Սեւ, թանձր արիւնը վայրկենապէս լճացաւ Թալէաթի գլխի շուրջ. կարծես ջարդուած անօթից մազութ էր դուրս թափւում…