Աղավնոյում շատերը դեռ սպասում են շրջադարձի, ռուսական կողմը պետք է պարզաբանի փոխդեսպանի հայտարարությունը

Աղավնոյում  շատերը դեռ սպասում են շրջադարձի, ռուսական կողմը պետք է  պարզաբանի փոխդեսպանի հայտարարությունը

Աղավնոյում դեռ շատ մարդիկ կան, որոնք գյուղից չեն հեռացել, սպասում են շրջադարձի։ Այս մասին Mediahub.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանը, ով տևական ժամանակ է` Աղավնոյում է։

Նա նշեց, որ այնտեղ են նաև այն քաղաքացիները, ովքեր խոսում էին Աղավնոյի ինքնապաշտպանության մասին։

«Խնդիրը հիմա հետևյալն է՝ հանրային պահանջով ստեղծել ինքնապաշտպանություն ՝ խաղաղ ճանապարհով մեր ներկայությամբ ցույց տալով, որ պատրաստ ենք պաշտպանել Աղավնոն, Բերձորը, Սուսը։ Երեկ գյուղացիներից մեկի հետ էի խոսում, ասում էր, որ նույնիսկ պատերազմի ժամանակ ավելի հանգիստ էր իրենց համար, գոնե հասկանալի էր՝ ինչ է կատարվում, կարող էին իրենց տունը պաշտպանել, իսկ հիմա ասում են, որ դուրս պիտի գան, բայց իրենք մնում են՝ սպասելով շրջադարձի»,-ասաց նա։

Հովհաննես Իշխանյանը նկատեց, որ անհարժեշտ է ճշտել Հայաստանում Ռուսաստանի փոխդեսպան Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները Լաչինից չեն տեղաշարժվի մինչև նոր միջանցքը չշահագործվի։

«Նախ շատ լավ է, որ միջանցք բառն են օգտագործում, նշանակում է, որ շուրջը հնարավոր կլինի վերաբնակեցնել։ Պետք է հասկանալ, թե ասում են՝ ռուս խաղաղապահները դուրս չեն գան, մինչև նոր միջանցք չշահագործվի, նշանակում է՝ բնակիչները կարող են մնալ համայնքներում։ Այս հայտարարությունը հենց կարող է շրջադարձ լինել, դրանից պետք է օգտվել։ Ռուսական կողմից պետք է ճշտել»,-ասաց նա։

Հովհաննես Իշխանյանն ընդգծեց, որ բնակիչները սպասում են լրացուցիչ պարզաբանումների, չեն համակերպվում իրավիճակին։ Հովհաննես Իշխանյանն ասաց նաև, որ տեղեկատվություն ստանալու համար նաև Ստեփանակերտ է գնացել։

Անի Գևորգյան