Գարշահոտություն ու ամբողջ շենքը ողողած կոյուղաջրեր․ Արմավիրն անտերության է մատնված

Արմավիր համայնքի 5-րդ փողոցի առաջին շենքում մեկ շաբաթ է՝ կոյուղաջրերը լցվել են շենքի բակ, շուրջբոլորը գարշահոտություն է։ 

«Երբ կոմունալ սպասարկման վճարների ժամանակն ա գալիս, նստում են շնչներիս, իսկ հիմա ամեն օր դիմում ենք, բայց չեն գալիս, չեն կարգավորում խնդիրը»,- MediaHub-ի հետ զրույցում նեղսրտում են շենքի բնակիչները։

Նրանցից ոմանք մեկ շաբաթ է՝ աշխատում են տնից դուրս չգալ, ինչ է թե շենքի բակով քայլելու հնարավորություն անգամ չկա, իսկ վարորդներն ամեն գնով փորձում են շրջանցել շենքի բակ տանող ճանապարհը։ 

«Անտերություն է․ թող մի օր գան, էս պայմաններում ապրեն, տեսնենք կստացվի՞»,- նշում են նրանք։ 

Արմավիրի համայնքապետի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը

«Վեոլիա ջրի» տիրույթում է։ Արտաքին ջրահեռացման համակարգի խնդիր է սա, և համայնքապետարանը չի կարող որևէ բան անել.

«Տեղամասից պետք է «Վեոլիա ջրի» գլխամասին տեղեկացնեն, որ նրանք էլ մեքենա ուղարկեն, գան, խցանումը բացեն։ Մեր տիրույթում չէ հարցը, մենք դեռ ամիսներ առաջ էլի նույն խնդրով դիմել էինք, սակայն «Վեոլիա ջրից» եկան, արձանագրություն կազմեցին, թե խնդիր չկա»,- նշեց Խաչիկ Մկրտչյանը։ 

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը վաղուց առկա է, ցանցը բավականին հին է։ 

«Հիմա որոշ հատվածներում նորոգում ենք»,- նշեց նա։ 

«Վեոլիա ջրի» Արմավիրի տեղամասից MediaHub.am-ին հայտնեցին, որ խնդրի մասին տեղեկացրել են գլխամաս, բայց դեռ որևէ մեքենա չի տրամադրվել։ 

«Մեր մեքենան խնդիր ունի, հիմա սպասում ենք, որ այլ տեղից ուղարկեն»,- ասացին ընկերության Արմավիրի տեղամասից։ 

«Վեոլիա ջրի» լրատվական բաժնից էլ փոխանցեցին, որ, ցավոք, մարզային մեքենաները շտապ վերանորոգման են տրվել, առաջիկա երեք օրերին մեքենաները կվերանորոգվեն ու կմաքրվի տարածքը։

«Մարդկանց խնդրում ենք ներողամիտ լինել, առաջիկա երեք օրերին խնդիրը կլուծենք։ Մարզային բոլոր մեքենաները շարքից դուրս եկած են, ու հիմա արագ կարգավորում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։

Նարե Գնունի