Փաշինյանի «չասուլիսը», կամ՝ հերթական կեղծ փորձը հանրության աչքին «թոզ փչելու»

Փաշինյանի «չասուլիսը», կամ՝ հերթական կեղծ փորձը հանրության աչքին «թոզ փչելու»

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին մամուլի ասուլիս է հրավիրել, այն էլ՝ լրատվամիջոցների ներկայությամբ։

Սա, ի դեպ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ Փաշինյանը հանդիպելու է ԶԼՄ ներկայացուցիչներին և լսելու է լրագրողների հարցերը։ Սրանից առաջ որոշ դեպքերում ԶԼՄ-ների՝ օնլայն ձևաչափով ուղարկված հարցերը հնչեցվել են, մյուսներում՝ Փաշինյանը պատասխանել է միայն «Հանրային հեռուստաընկերության» հարցերին։

Թեև դասական լրագրության կանոններով ասուլիսը հենց հարց ու պատասխան ձևաչափն էլ ենթադրում է, այսինքն՝ բանախոսը պետք է պատասխանի լրագրողների հարցերին, այնուամենայնիվ, Փաշինյանի՝ լրագրողների մասնակցությամբ ասուլիսի անոնսը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Ինչևէ, ասուլիսի՝ լրագրողների մասնակցությամբ լինելու «սենսացիան» մի կողմ թողնելով, պետք է նաև հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են լրատվամիջոցները հրավիրվել այն լուսաբանելու, քանի որ որևէ պաշտոնական հաղոդրագրություն չեղավ, թե ինչպե՞ս պետք է լրատվամիջոցները հավատարմագրվեն, ի՞նչ պահանջների պետք է բավարարի ԶԼՄ-ն և այլն։

Այսօր վաղ առավոտից MediaHub.am-ը փորձում է կապ հաստատել Կառավարության լրատվական վարչության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, սակայն, «ձայն բարբառո հանապատի». ո՛չ արձագանք կա, ո՛չ՝ ձայն ու ծպտուն։ Կարող ենք ենթադրել, որ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունը դեռ արձակուրդում է, կարևորը՝ աշխատավարձը ճիշտ ժամանակին կստանան։

Նշենք, որ մեր որոշ գործընկերներից տեղեկանում ենք, որ երեկ իրենց զանգել և հրավիրել են Փաշինյանի ասուլիսին, սակայն այդ լրատվամիջոցները փոքր թիվ են կազմում։ Այսպիսով, ժողովրդավարության հերթական իմիտացիան ստեղծելով է Փաշինյանը փորձում հերթական տարին սկսել՝ ասուլիս հրավիրելով ընտրովի:

 

Նարե Գնունի