Գլխավոր դատախազի կադրային ջարդը․ ի՞նչ է կատարվում դատախազությունում 

Գլխավոր դատախազի կադրային ջարդը․ ի՞նչ է կատարվում դատախազությունում 

Միայն սեպտեմբերի 16-ին Աննա Վարդապետյանը, Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց  մեկ օր անց, ընդհանուր 6 աշխատանքից ազատման և նշանակման հրաման է ստորագրել։ 

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի աշխատանքից հավանական ազատվելու մասին MediaHub.am-ն ավելի վաղ էր հայտնել։ Նորանշանակ գլխավոր դատախազն առաջինը Հարությունյանին աշխատանքից ազատման դիմումն է ստորագրել։

Հաջորդը ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Սարդարյանն էր, որը ևս ազատվեց աշխատանքից։ Հատկանշական է, որ Վարդապետյանը հենց նույն օրը՝ սեպտեմբերի 16-ին Վահե Հարությունյանի պարտականությունների կատարումը դրել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի վրա։

Երևան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի վրա։ 

Հաջորդը ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանի փոխադրումն ու նրան ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին նշանակումն է։ 

Սակայն, այս ամենի ֆոնին ամենատարօրինակ նշանակումն ու ազատումը Սևակ Հովհաննիսյանի պարագայում էր, քանի որ Հովհաննիսյանը զինդատախազի տեղակալի պաշտոնին նշանակվել էր նորանշանակ դատախազի հրամանով, բայց արդեն երեկ՝ ընդամենը երեք օրվա պաշտոնավարումից հետո Աննա Վարդապետյանը ստորագրել է Սևակ Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հրամանը։

 Լիաննա Թորոսյան