Մոտ տասը օր՝ առանց հոսանքի․ Ակնալճում մութ ու ցուրտ տարիներ են

Մոտ տասը օր՝ առանց հոսանքի․ Ակնալճում մութ ու ցուրտ տարիներ են

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում մեկ շաբաթ է, ինչ հոսանքի մատակարարման հետ կապված խնդիր կա։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց Մեծամորի համայնքապետարանի մամուլի խոսնակ Գառնիկ Մկրտչյանը։

Նա տեղեկացրեց, որ համայնքի բնակիչներն այսօր դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու։ 

«Այս պահին Մեծամորի համայնքապետը գնացել է քաղաքացիների հետ հադիպման, թեև խնդիրը, մեծ հաշվով մեզ հետ կապված չէ։ ՀԷՑ-ի լուծման շրջանակում է այս հարցը»,- նշեց Գառնիկ Մկրտչյանը։

Ակնալիճ համայնքի բնակիչներից մեկը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ տասը օր է, որ երեկոյան նույն ժամին հոսանքն անջատվում է՝ առանց որևէ հիմնավորման, ու մի քանի ժամ անց էլ՝ միանում։

«Օրինակ՝ մենք տանը փոքր երեխաներ ունենք, այսպես չի լինի, ասենք ոչ մի հիմնավորում չկա, էս շոգին ամեն ինչ փչանում ա, ոչ մեկս չի հասկանում, թե ինչից հետո էս վիճակը ստեղծվեց»,- ասաց նա։

Բնակիչը նշեց նաև, որ եթե իրենք հոսանքի անջատման ժամը չիմանան, տեխնիկան էլ կվնասվի, բայց արդեն ֆիքսել են ժամերն ու անգամ սառնարանն են անջատում։

Նշենք, որ այս պահին նաև ՀԷՑ-ի աշխատակիցներն են համայնքում, սակայն դեռևս որևէ պատասխան չի հնչել, թե ինչու են հոսանքի անջատումներ լինում։

Երբ նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, Մեծամորի համայնքապետարանի մամուլի խոսնակ Գառնիկ Մկրտչյանը մեզ հետ կապ հաստատեց՝ ասելով, որ դեպքի վայրում է, այնտեղ է նաև Արմավիրի մարզպետը։

«Այստեղ հոսանքի մատակարարման դադարեցման պատճառով խնդիր է առաջացել նաև ջրամատակարարման հետ։ Համայնքի բնակիչներին խոստացել են, որ խնդիրը կլուծվի»,- նշեց Գառնիկ Մկրտչյանը։

ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հոսանքի անջատումները կապված են նաև Ջրային կոմիտեի հետ։

«Պայմանավորվել ենք, որ երկուշաբթի թե՛ մեր աշխատակիցները, թե՛ Ջրային կոմիտեի աշխատակիցները համայնքում ստուգումներ են իրականացնելու՝ հասկանալու, թե որն է խնդրի պատճառը։ Երկուշաբթի էլ հոսանք չի լինի համայնքում, իսկ դրանից հետո արդեն կհասկանանք՝ ինչ է լինում»,- ներկայացրեց ՀԷՑ մամուլի խոսնակը։

Նշենք, որ այս պահին Ակնալճի բնակիչները բացում են մոտ երկու ժամ փակ պահած ճանապարհը։

Նարե Գևորգյան