Շակալները 7 օրում մեր երեխեքին հոշոտած կլինեն․ ինչո՞ւ ՊՆ-ն ձորակից զինվորներին չի հանել․ անհետ կորածի հայր

Շակալները 7 օրում մեր երեխեքին հոշոտած կլինեն․ ինչո՞ւ ՊՆ-ն ձորակից զինվորներին չի հանել․ անհետ կորածի հայր

ՊՆ-ն մատների արանքով է նայում իրավիճակին, ուղիղ 7 օր է՝ իմ որդուց լուր չունեմ ու ես միակը չեմ, շատ ծնողներ նույն ապրումների մեջ են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց կորած զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը։ 

Հայրը պատմեց, որ սեպտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն սադրանքի է դիմել, իր որդին դիրքերում է եղել՝ Վերին Շորժայում։ «Տեղեկություն ունեմ, որ այդ դիրքերը ռմբակոծվել են և գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ դիրքերից ներքև ձորակ կա, այդ ձորակում զինծառայողներ ունենք՝ վիրավոր, զոհված, որոնք, ըստ էության, շրջափակման մեջ են։ ՊՆ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում, որ դիերը հանեն, եթե ժամանակին ճիշտ աշխատեին, մի քանի վիրավորների կյանքեր կփրկեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակ է, ես առողջ տղա տամ բանակին, նորմալ ծառայի, որ 7 օր ոչ մի պատասխանատու չհայտնվի՞, նրա մասին տեղեկություն չհայտնի՞։ Լավ է, որ դուք էլ զանգեցիք, ոչ մեկը չի զանգում, ինչքա՞ն կարելի է, Եռաբլուրը դարձնե՞նք քառաբլուր»,-ասաց նա։ 

Պարոն Սերժիկը հայտնեց, որ տեղեկություն ունի, թե իր նշած ձորակից փրկվածներ են եղել, սակայն ՊՆ-ն պետք է հենց նույն օրը օպերատիվ գործեր ու մյուսներին հաներ տարածքից։ 

«Շակալները 7 օրում մեր երեխեքին հոշոտած կլինեն, ինչո՞ւ չեն հանում։ ԴՆԹ պիտի անենք, որ մեր երեխեքին ճանաչենք։ Միջոց ձեռնարկեք, թե չէ ձեր վերջը լավ չի լինի, հարգելի ղեկավարություն։ Ես իմ ամենաթանկին եմ տվել, չեմ ափսոսում, բայց դուք մատներդ մատներիդ չեք տալիս, դրա համար էլ ծնողները հանցագործ են դառնում ձեր անգործության պատճառով»,-շեշտեց ծնողը։ 

Սերյոժան 2002 թվականին է ծնվել, 1․5 տարվա ծառայող է։ Սկզբում ծառայել է Ճամբարակում, որից հետո պարբերաբար դիրքեր է բարձրացել։ 

«Երեխան անըդնդհատ 2-3 ամիս դիրքերում է եղել, 10 օրով իջեցնում էին, կոպիտ ասած՝ լողացնում, էլի բարձրացնում։ Սա ծառայությո՞ւն է, էս ի՞նչ են անում, հիմա որ մի ծնողի ասեմ բանակ երեխա մի ուղարկի, ինձ ազգի դավաճա՞ն են հանելու։ Երեխեքին «խուրդում են», որ տարածքը ուզեն, կտան, ինչ ուզեն, կանեն»,-ներկայացրեց հայրը։ 

Լիաննա Թորոսյան