ՀՀ և ԱՀ նախագահները շնորհավորել են ՌԴ նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ և ԱՀ նախագահները շնորհավորել են ՌԴ նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։

Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար։

Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ»:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես աաված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ: Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին»։