Եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, ճանապարհն անիմաստ է լինելու. Ալեն Սիմոնյան

Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու, լավ կլինի, որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա։
«Ադրբեջանն ուզում է իրավիճակից ամեն ինչ հնարավորինս շատ ստանալ, ինչը հասկանալի է: Իրենք, ենթադրաբար, չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ իրենք իրենց սխալներն ունեն ու շատ բաներ հաշվի չեն առնում, բայց դա պատմությունը ցույց կտա»,- նկատեց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ ռուսական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում ունի պարտավորություններ, օրինակ, Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելու մասով, ինչը չի կատարվում:
«Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն. այո՛, կան: Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում. այո՛, ես այդպես եմ համարում, կարելի է ավելի շատ քաղաքական լծակներ կիրառել, որ հարցը լուծվի», - ասաց Ալեն Սիմոնյանը։