Ադրբեջանցի զինվորականները փորձել են ահաբեկել Արցախի Նորշեն գյուղի բնակիչներին

Ադրբեջանցի զինվորականները փորձել են ահաբեկել Արցախի Նորշեն գյուղի բնակիչներին

Մարտի 4֊ին ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։

Ինչպես Նոր շեն համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրեց «Ապառաժ»-ին , Նոր շենի մերձակա դաշտերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու և աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ են արձակել դեպի օդ։

Դեպքից հետո ռուս խաղաապահները իրենց հետևակի մարտական մեքենայի փողն ուղղել են դեպի թշնամու դիրքեր և գյուղացիներին ասել, որ ուշադրություն չդարձնեն, չվախենան և հանգիստ շարունակեն աշխատանքները, խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։

Այդ ամենից հետո ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով մեքենան մոտեցրել են դիրքերին և հնչեցրել հայտնի ձայնագրությունը, որը լսվել է Նոր շեն և Աշան համայնքներում։

«Ապառաժ»-ի տվյալներով նշված համայքներում խուճապային տրամադրություններ չեն նկատվել։