Զոլաքար գյուղը ցավով ու հպարտությամբ է հուղարկավորել իր հերոսացած դուստր Ալիսա Մելքոնյանին

Զոլաքար գյուղը ցավով ու հպարտությամբ է հուղարկավորել իր հերոսացած դուստր Ալիսա Մելքոնյանին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղը հպարտորեն ու ցավով է հուղարկավորել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված պայմանագրային զինծառայող Ալիսա Մելքոնյանին։

Ինչպես տեղեկացրեց Զոլաքար գյուղի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը, Ալիսան մարտնչել է Վարդենիսի պաշտպանական դիրքերում , որտեղ էլ ընկել է հերոսի մահով։ Իսկ նրա եղբայր Գագիկ Մելքոնյանը հերոսացել էր 2016 թվականի ապրիլին, Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ։

«Ալիսան ծնվել է Զոլաքարում, 1981 թվականի փետրվարի 1-ին: Սովորել է Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Եղբոր՝ Գագիկ Մելքոնյանի զոհվելուց հետո, որոշել է շարունակել նրա գործը եւ 2017 թվականին ծառայության է անցել Քարվաճառի զորամասում՝ որպես հրաձիգ:

Մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում ծանր վիրավորվել է, 3 ամիս բուժվել Երեւանի հոսպիտալում: Ապաքինվելուց հետո շարունակել է ծառայությունը ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում նրան ուղարկել են Սովետաշենի դիպուկահարների դպրոցում վերապատրաստվելու: Մենք հպարտանում էինք մեր գյուղի դստեր այդօրինակ քաջագործություններով, նրա անսասան կամքով ու հայրենանվիրությամբ եւ շատ ցավով տարանք Ալիսայի զոհվելու լուրը։ Նա էլ գնաց-միացավ հավերժի ճամփորդ իր եղբորը՝ մեր գյուղի հերոսական պատմությանը եւս մեկ փառքի էջ ավելացնելով։ Մենք խոնարհվում ենք նրա հիշատակի ու սխրանքների առաջ»,-ներկայացրեց Հրայր Մարգարյանը։

Ալիսայի մահով մեր դպրոցը թվով երրորդ զոհը տվեց մեր հայրենիքի համար մղվող գոյամարտերում։ Առաջին զոհը Ալիսայի եղբայր Գագիկն էր, ում անունով կոչվում է մեր դպրոցի ռազմագիտության դասասենյակը, երկրորդ զոհը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մեխակ Սադոյանն էր։ Գլուխ ենք խոնարհում մեր հերոս աշակերտների սուրբ հիշատակի առաջ։ Նրանց անուններն ու գործերը հայրենասիրության վառ օրինակներ կլինեն մեր բոլոր աշակերտների համար»,-նշեց Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մերի Մախսուդյանը։