Որ դեպքում պետք չէ դիմել հոգեբանի

Որ դեպքում պետք չէ դիմել հոգեբանի

Արդեն լայն տարածում է ստացել որոշ «հոգեբան»-ների կողմից անթույլատրելի՝ հոգեբանական էթիկայի նորմերի բազում խախտումներով, որոշ դեպքերում հոգեբանական աշխատանքի հետ աղերս չունեցող գուրծունեության ծավալումը։

«Այգ»  հոգեբանական ծառայությունների կենտրոնը, լինելով առաջինը, և ըստ էության պրակտիկ հոգեբանության հիմնադիրը Հայաստանում, պատասխանատվություն է կրում Հայաստանում իրականացվող հոգեբանական գործունեության բոլոր դրսևորումների համար։ Մենք անհանգստացած ենք նման մասնագետների ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում վտանգավոր գործունեությամբ և տեղեկացնում ենք այն հնարավոր վտանգավոր քայլերի մասին, որոնց դեպքում օգտակար է անմիջապես հեռանալ նման մասնագետներից։
  
Պատկերավոր լինելու համար վերնագրել ենք, ՓԱԽ Ե՛Ք «հոգեբան»-ից, եթե,

•  Ձեր հրավերով համաձայնում է խորհրդատվություն իրականացնել սրճարանում, զբոսայգում կամ այլ հասարակական վայրում:

•  Ձեզ հրավիրում է սուրճ խմելու և առաջարկում սրճարանում խորհրդատվություն իրականացնել:

•  Առաջարկում է կամ համաձայնում է զուգահեռ աշխատել ընտանիքի տարբեր անդամների (բացառությամբ ընտանեկան կամ զույգերի թերապիա)կամ ընկերների և բարեկամների հետ:

•  Ձեզ համեմատում է իր կամ իր ծանոթների հետ:

•  Բացահայտ իր կողմ կամ դեմ լինելն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:

•  Խոսում է Ձեզ անհասկանալի տերմիններով:

•  Հիվանդություն է ախտորոշում և դեղեր նշանակում:

•  Այցելուին ընդունում է ոչ ապահով միջավայրում(խորհրդատվության տարածքում կարող է իրենց լսեն կամ այլ մարդ մտնի սենյակ):

•  Այցելուի հետ աշխատում է մեկայլ այցելուի ներկայությամբ:

•  Նույն ժամին զուգահեռաբար աշխատում է երկու և ավելի այցելուի հետ (միաժամանակյա աշխատանքի սեանս ցուցադրում):

•  Այցելուի հետ աշխատանքի ժամանակ պատասխանում է հեռախոսի զանգերին, ինքն է զանգում կամ հեռախոսում ինչ-որ բան է փնտրում։

•  Առանց այցելուի թույլտվության ձայնագրում է հանդիպումը։

•  Քննադատում կամ խրախուսում է այցելուի այս կամ այն արարքը։

•  Գնահատականներ է տալիս, պիտակավորում է, ամոթանք տալիս։

•  Սեփական կյանքի օրինակները, դրվագները պարտադրում է այցելուին։

•  Քարոզներ է կարդում, «դաստիարակչական» աշխատանք տանում

•  Փորձում է ցուցադրել, որ ինքն այցելուից ավելի բանիմաց է, օգտագործում է  «ես ավելի լավ գիտեմ, թե քեզ ինչ է պետք» և նման արտահայտություններ։

•  Խտրական վերաբերմունք է ցուցաբերումայցելուի կրոնական, սեռական, ռասսայական կամ որևէ այլ կողմնորոշման նկատմամբ։

•  Արժեզրկող, գնահատողական վերաբերմունք է դրսևորում այցելուի հանդեպ, օգտագործում է «թեթև տար» և նման արտահայտություններ։

•  Անհիմն հուսադրում է, երաշխիքներ է տալիս, օգտագործում է«լավ կլինի», «կանցնի կգնա» և նման արտահայտություններ։

•  Խորհուրդներ է տալիս, օգտագործում է «գնա մազերդ այս գույնի ներկի, քանի որ իմ մայրիկի մազերն այդ գույնի են»,«Դու ինձ լսիր, սպասիր, տես՝ ես քեզ ինչ եմ ասում»կամ նման արտահայտություններ։

•  Սեռական ոտնձգությունների դիմում, սեռական հարաբերությունների առաջարկ է անում այցելուին կամ ցանկացած այլ կերպ խախտում մարմնական սահմանը՝ չափազանց մոտ է նստում, հպվում է,..

•  Համաձայնում է աշխատել ներկա կամ նախկին սեռական զուգընկերոջ հետ։

•  Համաձայնում է գնալ տուն կամ որևէ այլ վայր, այցելուին հանդիպել իբրև նրա բարեկամներից որևէ մեկի ծանոթ և, առանց նրան տեղեկացնելու իր մասնագիտության մասին, փորձում իրականացնել«հոգեբանական» աշխատանք։

•  Այցելուին հրավիրում է տուն։

•  Ընդունում կամ տալիս է նվերներ։

Խնդրում ենք ուշադիր լինել, և եթե հոգեբանի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ բան կասկածելի է թվում, չեք հասկանում նրա որևէ խոսք, վերաբերմունք, վարմունք, գրեք մեզ և ստացեք պրոֆեսիոնալ մասնագիտական կարծիք։  

Հոգեբանական գործունեություն իրականացնող բոլոր մասնագետներին ևս մեկ անգամ հորդորում ենք անվերապահորեն հետևել հոգեբանի էթիկական կոդեքսին։