Այդ նիստն իշխանության համար «անշառ» նիստ է․ Դոխոյանը՝ Վանաձորի ավագանու արտահերթ նիստի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 18-ին «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել։
Թեմայի առնչությամբ MediaHub-ը զրուցել է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի հետ։
«Փաստացի կա 33 ավագանի, ում ԿԸՀ-ն տվել է մանդատ, նախորդ մեր նիստի որոշումը Արդարադատության նախարարությունը համարել է իրավաչափ, այսինքն, կա գործող ավագանի։ Վաղը կքննարկենք օրակարգը, կհասկանանք ինչ կետեր ենք ավելացնելու կամ պակասացնելու»,- ասաց Դոխոյանը։
Հարցին՝ հնարավոր է արդյոք ինչ-որ հանգամանքներով պայմանավորված, կրկին նիստը տեղի չունենա, ինչպես եղավ նախորդ անգամ, Դոխոյանը հույս հայտնեց, որ այս անգամ գոնե տեղի կունենա։
«Հնարավոր է միայն, որ մյուս ուժերը չներկայանան ու քվորում չլինի, բայց ամեն դեպքում, կարծում եմ, այդ նիստն իշխանության համար անշառ նիստ է»։
Անդրադառնալով հարցին՝ ինչպես են լուծվում Վանաձորում առկա և ստեղծվող խնդիրները՝ հաշվի առելով հանգամանքը, որ ամիսներ շարունակ Վանաձորը քաղաքապետ չունի, Դոխոյանը պատասխանեց․
«Խնդիրների մեծամասնությունը չի լուծվում, ապրիլի 1-ից, օրինակ, դադարում է աղբահանություն իրականացնող ընկերությունների հետ կնքած պայմանագիրը, այսինքն, եթե ապրիլի 1-ի դրությամբ չունենանք քաղաքապետ, Վանաձորում իրավունք չի լինի տեխնիկապես, օրենքի շրջանակում իրականացնել աղբահանություն»։
Վերջինս հավելեց, որ կա տեղեկություն, որ գործող իշխանությունը ցանկանում է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ինչը հակաօրինական է։
«Ամբողջ խնդիրն այն է, որ Վանաձորն ունի գործող ավագանի և ժամանակավոր պաշտոնակատար նշանակում են այն ժամանակ, երբ ավագանին ցրված է լինում»։
Հարցին, այդ առումով ի՞նչ է պատրաստվում անել Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը, Դոխոյանն ասաց․
«Թող իշխանությունն այդ քայլն անի, այդ ժամանակ արդեն կհասկանանք նաև մեր անելիքը»։
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները դատարանում վիճարկելու պահանջին, Դոխոյանը նշեց․
«Նիստը տեղի է ունեցել, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որ վերադառնա և ընթերցի որոշումը, սակայն խորհրդակցական սենյակից 15 օր է դուրս չի գալիս այդ մարդը։ Կարելի է հուշել, մի գուցե նա այնտե՞ղ է մնացել։ Փաստացի, դատավորը 15 օր է, ինչ չի ասում դատարանի որոշումը։ Դա վերջին ատյանն է, որ Մարուքյանը կարող էր դիմել, իսկ դատարանն այդ պարագայում չի կարող բավարարել օրենքի ոչ մի կետ, հավանաբար այդ պատճառով դատավորը դուրս չի գալիս»։
Մերի Գևորգյան