Նա պետք է մնա բանտում, մարդասպանը չի կարող փոխվել․ սպանված Աղաջանովի քույրը՝ Ենոքյանի մասին

Երեւանի բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովին  դաժանաբար սպանած Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամ ազատումը սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան հանրության համար վտանգավոր որոշում է համարում։

Դատարանն այսօր քննում էր ավելի քան 27 տարի ազանատության մեջ գտնվող մարդասպանին ազատություն տալու հարցը։ 

«Նա պետք է մնա բանտում, չպետք է վերադառնա հանրության մեջ։ Մարդասպանը չի կարող փոխվել, մարդասպանի հոգեբանությունը չի կարող փոխվել»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդը՝  Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ։ 

Ենոքյանը 1996թ–ին Երևանում դաժանաբար սպանել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովին։ Իոսիֆի համակուրսեցի Մհեր Ենոքյանն ու քաղաքացի Արամ Հարությունյանը 1996թ. հուլիսի 12-ին, համաձայնության գալով Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու շուրջ, Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են Աղաջանովին:

Ըստ քրեական գործի՝ մինչ Հարությունյանը բռնել է Իոսիֆի ոտքերը, Մհեր Ենոքյանը մետաղյա գործիքով հարվածել է Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Երբ Իոսիֆը ուշաթափվել է, Ենոքյանի հրահանգով Հարությունյանը կտրել է Իոսիֆի պարանոցը։ Դաժան սպանությունից հետո նրանք դիակը դուրս են տարել, թաքցրել բետոնե հենապատի հետևում և ծածկել քարերով:

Սպանվածի խոսքով՝ Ենոքյանը օգոստոսից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչի մասին տուժողի իրավահաջորդները տեղյակ չեն եղել։

«Մենք դա իմացել ենք սոցիալական ցանցերից, հետո բողոքարկել ենք, բայց որոշումը մնացել է նույնը։ Համաձայն չենք այդ որոշման հետ եւ երբեք չենք համաձայնվի»,-ասաց նա։

Ելենա Աղաջանովան բժշկագիտության պրոֆեսոր է, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչը, Մուրացան համալասարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարը, առողջապահության նախարարի խորհրդատուն։ Ասում է՝ բավական երկար է աշխատում բժշկության ոլորտում ու վստահ է՝ որեւէ հոգեբան չի կարող ասել, որ մարդասպանի հոգեբանությունը կարող է փոխվել.

«Մենք դեմ ենք, որ նման դաժան սպանություն կատարողը ազատության մեջ լինի։ Կապ չունի, թե քանի տարի է անցել դեպքից, նա մարդ է, որը չի զղջում իր արածի համար։ Նենգաբար պլանավորել եւ իրագործել է իմ եղբոր սպանությունը»։ 

Սպանվածի հարազատները դատարանից պահանջում են՝ մերժել պայմանական ազատ արձակումը, որպեսզի Ենոքյանը պատժի կրումը շարունակի բանտում։ Ելենա Աղաջանովան շեշտում է՝ հաստատված եւ ապացուցված է, որ նրան ազատության մեջ տեսնելու համար պայքարում են սորոսականները։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Լիա Սարգսյան