Արայիկ Հարությունյանը դիտմամբ քանդում է պետական ինստիտուտները․ Դավիթ Գալստյան

Արայիկ Հարությունյանը դիտմամբ քանդում է պետական ինստիտուտները․ Դավիթ Գալստյան

Արայիկ Հարությունյանն, ինչպես միշտ, փորձում է իր իշխանությունը երկարաձգել, և դրա համար ներքաղաքական խառը վիճակներ է ստեղծում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարդություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ Հարությունյանի կողմից իրականացվող քայլերը միտված են պետական ինստիտուտները քանդելուն։ 

«Նա հիմա այդ ինստիտուտները քանդում է, այդ տրամաբանությամբ է գնում։ Ոտնձգություններ են կատարվում պետական ինստիտուտի վրա, և Արայիկ Հարությունյանը որևէ գնահատական չի տալիս, քայլեր չեն արվում, ինչը խոսում է ուղղորդվածության մասին։ Մարդիկ զենքով մտան ԱԺ, բայց որևէ մեկը դրան չարձագանքեց, պատասխանատվություն կրող չկա»,- նշեց պատգամավորը։

Դավիթ Գալստյանը հասկանում է՝ բլոկադայի այս ծանր օրերին մարդիկ շատ պատճառներ կարող են ունենալ պետական ապարատից «հաշիվ պահանջելու համար», բայց դա արդարացում չէ։

«Այո՛, մեր պետական ինստիտուտներն այսօր վտանգված են։ Արայիկ Հարությունյանը վտանգում է ամեն ինչ՝ իր աթոռին մնալու համար»,- ասաց Գալստյանը։

Նա նկատեց՝ Արցախի նախագահը շարժվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։

Հարցին, թե այս ամենի վերջն ի՞նչ է լինելու, ընդդիմությունը միայն խոսում է Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության կարևորության  մասին, Գալստյանը պատասխանեց՝ այսօր մի խումբ մարդիկ փորձում են Արայիկ Հարությունյանին նույնականացնել պետության հետ, և ովքեր դեմ են գնում Հարությունյանին, նրանց ներկայացնում են որպես պետական ինստիտուտին դեմ գնացող մարդիկ։

«Այս իշխանությունը փորձում է համախմբման քողի տակ պառակտում մտցնել հանրության շրջանում։ Դա ժողովուրդը զգում է։ Մարդկանց խաբել երկար չի ստացվի, մի օր պայթելու է»,- ամփոփեց խոսքը Դավիթ Գալստյանը։

Նարե Գնունի