Արցախի փրկության բանալին ՔՊ-ի հեռացումն է

ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ Արցախը մնա հայկական, պետք է զբաղվել արցախցիների փրկությամբ, ոչ թե կենացներով կամ էժան հույզեր առաջացնել: Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Փաշինյանի իշխանությունը նման է սյուռռեալիստական ժանրի ֆիլմի, երբ ամեն ինչ գլխիվայր շրջված է՝ Արցախի հերոսները, Արցախի պատերազմի ակտիվ մասնակցիներն այսօր երևանյան փողոցներում գլխավորում են ընդդիմության ակցիաները, իսկ Արուսյակ Ջուլհակյանը, ում հավանաբար անգամ սեփական բակում չեն ճանաչում, համաժողովրդական պայքարը նկարագրում է էժան հույզեր արտահայտությամբ:
Արցախի փրկության մասին է խոսում ՔՊ-ական պատգամավորը, ում թիմի իշխանության օրոք Եռաբլուրը եռապատկվել է, Արցախի 75 տոկոսն օկուպացված է ադրբեջանցիների կողմից, իսկ Աննա Հակոբյանը՝ Մեհրիբան Ալիևային հրավիրում էր Շուշի՝ թեյ խմելու: Ի գիտություն Արուսյակ Ջուլհակյանի, ով հավանաբար անգամ Արցախում չի եղել և չգիտի Շուշիի գտնվելու վայրը՝ Մեհրիբանն արդեն Շուշիում թեյ խմել է, սակայն ՔՊ-ից ոչ ոք չի հրավիրել:
Արցախի ու ՀՀ-ի անվտանգությունը փլուզած ՔՊ-ական թիմը խոսում է արցախահայերի փրկությունից: Արցախում փոքրիկ սոցհարցում իրականացնելու պարագայում Արուսյակ Ջուլհակյանը կհասկանա, թե ինչպես են արցախահայերն արտահայտվում Նիկոլի և նրա թիմի մասին՝ այնտեղ հնչելու են միայն 18+ բառեր:
Արցախահայության փրկությամբ այսօր ՀՀ-ում զբաղվում է միայն ընդդիմությունը, ով ՔՊ-ից ակնկալում է լսել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն իշխանական խմբակը զգուշանում է Բաքվի արձագանքից և լռում է: Արցախի փրկության միակ շանսը Երևանում իշխանափոխությունն է։ Արցախի փրկության բանալին՝ ՔՊ-ի հեռացումն է:
Վահրամ Բագրատյան