Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին, Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է եւ կարեւոր: Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ». իշխանության գալուց հետո ահա այսպիսի շեշտադրմամբ ու հռետորաբանությամբ էր ուղերձներ հղում Նիկոլ Փաշինյանը՝ պատկերավոր եւ գեղեցիկ բառերով փաթեթավորված ներկայացնելով իր իշխանության օրոք կանանց դերի բարձրացումը քաղաքական դաշտում:
Իշխող մեծամասնությունը դրոշակ էր սարքել այն, որ իրենց իշխանության օրոք պետական ապարատում կին պաշտոնյաները շատ են՝ գլխավոր դատախազ, առողջապահության նախարար եւ այսպես շարունակ: Իսկ ինչպիսի՞ պատկեր է իրականում. կին պաշտոնյաների նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի մասին լավագույնս կարող ենք պատկերացում կազմել՝ ընդամենը հետեւելով նախորդող երկու օրերին ԱԺ-ում տիրող իրադարձություններին: Խորհրդարանը շուրջ երկու օր քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներն էլ կին էին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը:
Թե ինչպիսի արհամարհական, վիրավորական եւ հարձակողական վերաբերմունք էին ՔՊ-ականները ցուցաբերում կին թեկնածուների նկատմամբ, բոլորի աչքի առաջ էր: Իշխանականները, օգտվելով իրենց՝ մեծամասնություն լինելու առավելությունից, «հարձակվել էին» կին թեկնածուների վրա ու ակնհայտորեն փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել, նսեմացնել նրանց: Վերջում էլ, խիստ նվաստացուցիչ վերաբերմունք ցույց տալով, հրաժարվեցին անգամ նրանց քվեարկությանը մասնակցել:
ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ նիստերից դուրս էլ ՔՊ-ն արհամարհական վերաբերմունք է ցույց տվել կին թեկնածուների նկատմամբ ու անգամ նրանց սպասելու տեղ չի հատկացրել ԱԺ սենյակներում, ինչի պատճառով նրանք ստիպված են եղել ԱԺ միջանցքներում սպասել: Ահա, միայն այս ամենը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն վերամբարձ ու ականջահաճո հայտարարություններ է սիրում անել, իսկ իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի, ուսապարկերը սկսել են ընդվզել առաջնորդի դեմ ու չենթարկվել: Սա ակնհայտ դարձավ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության տապալումից: Իսկ նրան օրեր առաջ ընդունել էր անձամբ Փաշինյանը եւ հավաստիացրել, որ վերընտրվելու է: Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաեւ թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ եթե իմանար՝ դեմ են քվեարկելու, թեկնածությունը չէր ներկայացնի, որ ո՛չ ինքը հեղինակազրկվեր, ո՛չ կառույցը: Գրեթե նույն սցենարով ընթացավ նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանի ընտրությունը։ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդհանուր հայտարարի են եկել և այսօր տեղի կունենա բացառիկ կառուցողական հանդիպում:
Ինչպես արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, ընդդիմությունը առաջադրել է Քաղծառայության նախկին ղեկավար Մանվել Բադալյանի թեկնածությունը ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Եւ այսօր իշխանական պատգամավորները դարձյալ դռնփակ ձևաչափով հանդիպում կունենան Բադալյանի հետ:
Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հանդիպման առաջարկ է արել և իշխանությունն էլ համաձայնել է, արդեն աննախադեպ է՝ համենայնդեպս այս խորհրդարանի համար:
Երեկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թեեւ «չարալեզ» անվանեց ընդդիմությանը՝ ակնարկելով որ ինչ-որ բաներ է լիզել և բազմիցս վիրավորեց իր խոսքում ընդդիմադիրներին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ, բայց միաժամանակ հրապարակավ հայտնեց.
«Այստեղ, ամբիոնին մոտիկանալուց քիչ առաջ ես խոսում էի իմ կոլեգա պարոն Սեյրան Օհանյանի հետ, ով ինձ առաջարկեց, որ քանի որ ընդդիմությունն է առաջադրում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամին, առաջարկեց, որ թեկնածուն հանդիպի մեր խմբակցության հետ մինչև Ազգային ժողովի նիստերը և քանի որ մենք ունենք այդ ավանդույթը, ես պարոն Օհանյանին ասացի՝ մեծ սիրով: Եւ վաղը (արդեն այսօր- խմբ.) ձեր թեկնածուն կհանդիպի ՔՊ խմբակցության հետ: Մենք կլսենք թեկնածուին, կքննարկենք, հետո կլսենք նաև էստեղ, և, եթե հավանություն տալու լինենք, բնականաբար, դա քվեարկությամբ կդրսևորվի»:
Հայկ Կոնջորյանը խոսքի այս մասում ասաց, թե ինստիտուցիոնալ համերաշխությունը շատ կարևոր է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին նույն Հայկ Կոնջորյանը Սեյրան Օհանյանի մասին ԱԺ ամբիոնից նետեց. «Դուք դաստիարակություն ստացել ե՞ք… պապանձվեք…սրիկան դուք եք… »:
Իսկ երեկ նույն Օհանյանին դիմում էր պարոնով՝ ասելով կոլեգա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական կառույցները հերթական անգամ աչք են փակում ՀՀ իշխանությունների ապօրինությունների վրա։ Երեկ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հպարտորեն հայտարարություն տարածեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի անդամների դիմումը։ Խոսքը 2019-20 թվականներին ապօրինաբար պաշտոններից հեռացրին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Հրանտ Նազարյանին, իսկ Հրայր Թովմասյանին հեռացրին ՍԴ նախագահի պաշտոնից, վերջիններս դիմել էին ՄԻԵԴ, որն անընդունելի է համարել ՍԴ անդամների դիմումները։
«Մասնավորապես, արդար դատաքննության իրավունքի մասով Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուների պաշտոնավարումը դադարեցվել է սահմանադրական բարեփոխման արդյունքում, ինչի առումով արձանագրել է, որ պետություններն ազատ են դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, որը, սակայն, չպետք է հանգեցնի դատական իշխանության անկախության խարխլմանը: Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուները չեն բերել համոզիչ փաստարկ առ այն, որ իրականացված սահմանադրական փոփոխությունները թիրախավորել են հենց իրենց: Դատարանը նաեւ նշել է, որ եթե 2020 թ. փոփոխությունները չկատարվեին, 2015 թ․ սահմանադրական բարեփոխումների լիարժեք իմպլեմենտացիան չափազանց կձգձգվեր:
Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ դիմումատուները եղել են ՍԴ դատավորներ, որոնց պաշտոնավարումը դադարեցվել է Սահմանադրության փոփոխության արդյունքում, ինչն ուղղված չի եղել հատուկ նրանց դեմ՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը եղել է իրավաչափ: Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի մասով Եվրադատարանն արձանագրել է, որ հիմնավորված չէ այն, որ դիմումատուների անձնական կյանքը կամ մասնագիտական հարաբերությունները կրել են որեւէ էական բացասական հետեւանք: Ավելին, չորրորդ դիմումատուն (Հ. Թովմասյանը) շարունակել է պաշտոնավարել, իսկ մյուս դիմումատուներին տրամադրվել է լիարժեք կենսաթոշակ՝ անկախ նրանց տարիքից: Ուստի, դիմումատուների պահանջներն այս առումով չեն հասել այն նվազագույն շեմին, որը թույլ կտար նրանց պաշտպանվել 8-րդ հոդվածի կողմից: Հետեւաբար, այս մասով եւս գանգատը ճանաչվել է անընդունելի՝ ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով: Նույն տրամաբանությամբ՝ անընդունելի են ճանաչվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված 14-րդ եւ 18-րդ հոդվածի լույսի ներքո ներկայացված պահանջները:
Ինչ վերաբերում է սեփականության իրավունքին՝ Դատարանն արձանագրել է, որ այդ մասով եւս գանգատն անընդունելի է այն հիմքով, որ ապագա եկամուտը չի կարող հանդիսանալ «սեփականություն», քանի դեռ դիմումատուն այն արդեն իսկ չի վաստակել»,- ասված է Եղիշե Կիրակոսյանի գրասենյակի հայտարարության մեջ։
Փաստորեն, ՄԻԵԴ-ը չտեսնելու է տվել, թե ինչ արշավ էր իրականացվում ՍԴ անդամների դեմ, ինչպես էին Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին տանում ԱԱԾ, բողոքի ակցիաներ անում ՍԴ-ի դիմաց, իսկ ՔՊ-ականները պնդում էին, թե «Հրայր Թովմասյանը վատ մարդ է»` պետք է հեռանա։
Մեզ հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՍԴ անդամների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Ի սկզբանե ասեմ, որ Եվրոպական դատարանը, ըստ էության, քննություն չի իրականացրել հրատապ ճանաչված խնդրով, որտեղ ի սկզբանե առկա են եղել 40 եւ 41 կանոնները։ Դատարանից պահանջվել է 3 տարի, որպեսզի վարույթ ընդունելու հարց լուծի, ինչն արդեն իսկ անտրամաբանական է։ Մեծ հաշվով, դատական գործընթացն ավարտված է եղել կես տարի անց, եւ «խաղաղության խաչմերուկում» նման որոշում կայացնելը ոչ թե իրավական մեխանիզմների տրամաբանության մեջ պետք է դիտարկենք, այլ բացառապես քաղաքականության։ Ես ուղղակի հետեւյալ արտահայտությամբ կբնութագրեմ․ սա եվրոպական համակարգի քաղաքական աջակցությունն է Հայաստանի իշխանություններին եւ նրանց հետագա լեգիտիմացումն է՝ որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար։ Ակնհայտ է, որ մեր երկրում շատ սուր բախվելու են աշխարհաքաղաքական շահեր, որի հետեւանքները շատ ծանր են լինելու, եւ մեծագույն կորուստներ կարելի է կանխատեսել։ Այսինքն՝ առաջիկա 1 տարվա ընթացքում մեծ քաղաքական զարգացումներ են լինելու այս տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի շուրջ։ Իրավական առումով՝ անգամ ելակետային տվյալները դատարանի կողմից ճիշտ չեն օգտագործվել: 1 բացահայտ օրինակ․ դատարանը հետեւություն է անում, որ ՀՀ ՍԴ դատավորները դատական պաշտպանության իրավունքից չեն օգտվում, եւ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում նրանց դատական պաշտպանության իրավունքն այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրությունը նշում է, որ յուրաքանչյուր ոք ունի դատական պաշտպանության իրավունք, եւ դա բացարձակ իրավունք է, «յուրաքանչյուր ոք»-ի մեջ ներառված են նաեւ ՍԴ անդամները։ Այս որոշումն ունենալու է նաեւ այլ բացասական կողմ․ այն նաեւ ուղենիշ է ապագա իշխանությունների համար, որոնք Սահմանադրական դատարանը կառավարելի դարձնելու տեսանկյունից շատ հստակ կողմնորոշվել են դատական ակտի արդյունքում, եւ երբեւիցե Հայաստանում ՍԴ դատավորները պաշտպանված չեն լինելու քաղաքական իշխանության միջամտությունից, «դատական» բառն այլեւս անտեղի է օգտագործել ՍԴ-ի պարագայում։ Մենք, որպես կողմ, ի գիտություն ենք ընդունում դատարանի այս որոշումը, անկախ դրա բովանդակությունից` շատ լուրջ ենք վերաբերվում մեր իրավապաշտպան առաքելությանը եւ շարունակելու ենք գործունեություն իրականացնել՝ Հայաստանում երբեւէ իրավունքի գերակայություն կերտելու համար»:
Այն, որ եվրոպական կառույցները կարող են աչք փակել Հայաստանում քաղբանտարկյալների վրա, արդեն պարզ է, բայց արդյոք ՄԻԵԴ-ը ե՞ւս շարժվում է քաղաքական առաջնահերթություններով։ Սահակյանն արձագանքեց․ «Եվրոպական դատարանը ստերիլ միջավայրում չի գործում, մշտապես ենթարկվում է միջազգային քաղաքականությանը, եւ դատական քաղաքականությունը մշակելիս եվրոպական քաղաքական օրակարգերն ունեն ուղենիշներ, դա մենք զգում ենք նաեւ մեր մաշկի վրա, երբ, օրինակ, 3 տարի անց ՄԻԵԴ-ը որեւէ ռազմագերու առնչությամբ դատական ակտ չի կայացրել` այն դեպքում, երբ այդ գործերն ունեն առաջնահերթություն, կամ` Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը հրապարակել է 7 տարի քննության արդյունքում։ Սա եւս ցույց է տալիս, թե որքան զգայուն է Եվրադատարանը միջազգային քաղաքականությանը։ Սա գուցե լավ է Հայաստանի իշխանությունների համար՝ առկա աշխարհաքաղաքական իրողության մեջ տվյալ պահի դրությամբ, բայց երկրի կենսական շահերի առումով վտանգներ է ստեղծում... սա նաեւ վտանգավոր է, քանի որ այս քաղաքական գործոնները միջպետական հարցերում ի վնաս Հայաստանի են գործելու։ Օրինակ, այս որոշումից հետո ես անհամբեր սպասում եմ «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործով դատական ակտի կայացմանը, որովհետեւ, վստահ եմ, այն լինելու է ի վնաս Հայաստանի։ Մենք ունենք նաեւ միջպետական գործեր ադրբեջանական հարցերում: Սա ցույց է տալիս, որ եթե քաղաքական գործունները բարենպաստ չձեւավորվեն, ապա ՄԻԵԴ-ը՝ որպես իրավունքի պաշտպանության միջոց, գնալով ավելի խոցելի է դառնում քաղաքականության հանդեպ»: