Բժիշկը նշել է, թե ինչու են վտանգավոր խանութից գնված մրգային հյութերը

Օրը սկսելը խանութից գնված հյութով լավագույն գաղափարը չէ, քանի որ այս մթերքը բացասաբար է ազդում լյարդի վրա: Ասել է գաստրոէնտերոլոգ և հեպատոլոգ Սերգեյ Վյալովը։
Բժիշկն իր տելեգրամյան ալիքում զգուշացրել է լյարդի համար վնասակար նախաճաշի տարբերակի մասին։
Վյալովը հորդորել է չխմել խտացված հյութեր, որոնք վաճառվում են խանութներում, քանի որ դրանց բաղադրությունն իրականում շատ հեռու է բնականից։ Բժշկի խոսքով՝ նման ըմպելիքների պահպանման ժամկետը մեծացնելու և արտաքին տեսքը բարելավելու համար արտադրողները դրանք ենթարկում են երկարաժամկետ վերամշակման՝ դրանք տաքացնում են, մաքրում, ֆիլտրում, խտացնում, ավելացնում են շաքար, թթուներ, կոնսերվանտներ, բուրավետիչներ ու ներկանյութեր։
Բժիշկը փաթեթավորված հյութերի մեկ այլ թերություն նշել է շաքարավազի մեծ քանակությունը։ Վյալովն ընդգծել է, որ կարևոր չէ, թե կոնկրետ ինչ է ներառված արտադրանքի մեջ՝ սախարոզա և գլյուկոզա։ Երկու դեպքում էլ օրգանիզմը ստանում է կալորիաների շոկային բաժին: «Մարմինն ի վիճակի չէ դրանից այդքան շատ օգտագործել և այրել, ուստի մուտքային շաքարն ուղարկում է լյարդ՝ ճարպի տեսքով էներգիա կուտակելու համար»,- բացատրել է մասնագետը։
Վյալովը թարմ քամած հյութերը նշել է որպես խանութից գնված հյութերի ավելի առողջ այլընտրանք: Նա բացատրել է, որ դրանք պահպանում են բջջանյութը, որը դանդաղեցնում է շաքարի կլանումը օրգանիզմում ու բարելավում մարսողությունը։ Սակայն, ըստ նրա, այս տարբերակը սովորական մրգերի համեմատ զգալիորեն ավելի կալորիական է։