Չեմ ծեծել Արշակ Գրիգորյանին, դաստիարակչական ապտակել եմ. Դավիթ Գալստյանը՝ միջադեպի մասին

Չեմ ծեծել Արշակ Գրիգորյանին, դաստիարակչական ապտակել եմ. Դավիթ Գալստյանը՝ միջադեպի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Ազգային Ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։

Ըստ հայտարարության՝ նոյեմբերի 18-ին ԱՀ Ազգային ժողովի հարակից տարածքում, մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ, որի հետևանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց։ MediaHub.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանն ասաց, որ հայտարարությունը չափազանցված է։

«Չեմ ծեծել, դաստիարակչական աշխատանք եմ տարել, ապտակել եմ։ Ավելի շատ անձնական հարց էր, իրենք են քաղաքականացնում։ Ի սկզբանե քաղաքական բանավեճ էր բռնկվել, հետո անձնական վիրավորանք հասցրեց, դրա համար էլ ապտակ կերավ։ Իրենք իրենց արդարացնում են տարածված հայտարարությունով։ Եղբոր հետ էր եկել»,-ասաց նա։

Դավիթ Գալստյանը կրկին նշեց, որ հարցը քաղաքական չի եղել և ցավում է, որ քաղաքական երանգ են տվել դեպքին։

Նշենք, որ համաձայն հայտարարության՝ կուսակցությունը պահանջել է Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար «Դ. Գալստյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը՝ արարքի համապատասխան որակմամբ»:

Լիաննա Թորոսյան