Ընդդիմադիր պատգամավորին «խեղդելը» ներվեց, քաղաքացուն հարվածելը՝ ոչ. կարմիրբերետավորի լիազորությունները դադարեցվել են

Ընդդիմադիր պատգամավորին «խեղդելը» ներվեց, քաղաքացուն հարվածելը՝ ոչ. կարմիրբերետավորի լիազորությունները դադարեցվել են

Քիչ առաջ ոսիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց Սարյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ՝ հայտելով, որ ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները։ 

MediaHub-ն արդեն գրել է, որ Սարյան փողոցում ծագած միջադեպի ժամանակ քաղաքացուն բռունցքով հարվածած կարմիրբերետավորը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման (կարմիրբերետավորներ)  գումարտակից Ալեքսանդր Ազարյանն է։

Ազարյանն այս պահին անցնում է մի քանի քրեական գործերով՝  «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելու, ընկած քաղաքացուն ոտքով հարվածելու համար։  Արդեն հայտնել ենք, որ սույն գործերով տուժողներից մեկը քաղաքացի Մեսրոպ Մանուկյանն է։ 

Սույն կարմիրբերետավորը 2022թ․-ի մայիսի 30-ին կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «մարտավարական հնարք է» կիրառել անգամ այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ՝ ենթադրաբար փորձելով խեղդել նրան։ 

«Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերից մեկի ժամանակ Ալեքսանդրը քաշքշում, ապա երթի տարեց մասնակիցներից մեկին հայհոյում է՝ ասելով՝ «Յ**աննի բիձա»։ 

2022թ․-ի ապրիլի 27-ին Ալեքսանդր Ազարյանը Հանրապետության հրապարակից «Ազատագրական» շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դիմում է անձին նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»: Դեպքի առնչությամբ հրապարակվեցին տեսանյութեր։ 

Ուշագրավն այն է, որ քաղաքական գործիչների, պատգամավորների նկատմամբ ակնհայտ բռնություն գործադրելուց հետո Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ անգամ ծառայողական քննություն չի նշանակվում, հավանաբար  միայն նրա համար, որ քաղաքական գործիչները ընդդիմադիրներ էին ու պայքարում էին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, իշխանափոխության համար։ Իսկ քաղաքացուն հարվածելը, ահա, չներվեց.... թեպետ՝ ժամանակը ցույց կտա: Ի վերջո, նման կամակատար կարմիրբերետավորներ իշխանությանը պետքական գործիք են և գուցե վաղ է ասել, որ նրան այլևս չենք տեսնի: