Միկա Բադալյանը գուցե կանխե՞լ է Երեւանում սպասվող ահաբեկչական ակտը․ փաստաբան

Շենգավիթ վարչական շրջանի ընդահանուր իրավասության դատարանում բլոգեր Միկա Բադալյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց՝ թարգմանչի բացակայության պատճառով։ 

ԱԱԾ-ն Բադալյանին մեղադրում է ահաբեկչության մասին կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2022թ․-ին իր տելեգրամյան էջում տվել է առերեւույթ սուտ հաղորդում՝ չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ։ Այս հիմքով անցած տարվա մայիսին Բադալյանը կալանավորվեց, ապա 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։ 

Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը MediaHub-ի հետ զրույցում շեշտում է.

«Իսկ ով ասաց, որ ահաբեկչության մասին հաղորդումը կեղծ է եղել, գուցե Բադալյանի այդ տեղեկությունից հետո հնարավոր ահաբեկչությունը կանխվել է»,- նշեց նա։ 

«Ի սկզբանե քրեական գործի հարուցման որոշումն է եղել ապօրինի։ Բադալյանը չի կատարել այն արարքը, որը նրան վերագրվում է։ Քրեական գործն ունի խնդիր՝ ապացույցների թույլատրելիության հետ կապված։ Մինչդատական վարույթում այդ խնդիրը բազմիցս բարձրաձայնել եմ»,-ասաց Ալեքսանյանը։

Փաստաբանը կասկած չունի՝ Բադալյանն արդարացվելու է, քանի որ, ըստ նրա, մեղադրանքն իր մեջ իրավական որևէ հենք չի պարունակում։ 

«Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 20-ին։ Այդ ժամանակ մենք կհասցնենք հետազոտել քրեական գործի ողջ նյութերը եւ անցնել եզրափակիչ փուլ, այդ դատական նիստով էլ, ըստ երեւույթին, կավարտենք ողջ դատաքննությունը»,-հավելեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում: