Հերթական ավտովթարը՝ Զովունիում հայտնի «Զով Գարդեն» ռեստորանի մոտ. բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Հերթական ավտովթարը՝ Զովունիում հայտնի «Զով Գարդեն» ռեստորանի մոտ. բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ: Ժամը 17:20-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Երևանի բնակիչ 18–ամյա Գոռ Հովակիմյանի վարած «BMW» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Ռաֆայել Սիմոնյանի վարած «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել «Զով Գարդեն» ռեստորոնային համալիրի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ նշված հատվածում ինչ Կառավարությունը հիմնովին նորոգեց ճանապարհահատվածը, հաճախակիացել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և խնդրում էին կառավարությունից, որպեսզի նշված վայրում կա՛մ արագաչափեր տեղադրեն, կա՛մ էլ արհեստական անհարթություն, քանի որ գրեթե օրումեջ, նույնիսկ՝ մեկ օրում մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում: