ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի». Զախարովա

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի». Զախարովա

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի»։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ դիվանագետի՝ նման որոշումը կապ չունի երկրի բուն ազգային շահերի հետ։

Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ միությունների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները։ «Դա պետք է արվի՝ հիմնվելով իրականության, երկրի իրական կարիքների վրա, և ոչ մի դեպքում պետք չէ խաղալ, տրվել արևմտյան սցենարներով հերթական բեմադրության գայթակղությանը»,- ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ «սիրախաղը» կարող է վտանգավոր լինել, քանի որ այս դեպքում խոսքն անվտանգային խնդիրների մասին է։

Նա ասել է, որ չգիտի՝ ինչու են Երևանում «քաղաքական գործիչները Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։

«Ինձ թվում է՝ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին»,- ասել է Զախարովան՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար, և որ «ՀԱՊԿ-ից երբեք վատ բան չի եղել»։

Նա նշել է, որ Երևանն ինքը պետք է որոշի, բայց դա «պետք չէ անել գոյություն չունեցող փաստերի հիման վրա»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Հայաստանն ինքը կորոշի՝ մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ հեռանալ, սակայն «կարիք չկա թաքնվելու ՀԱՊԿ-ի հետևում պատասխանատվությունից խուսափելու կամ իբրև իրական մեղավորին գտնելու փորձերի մեջ»։