Սիսիանի նախկին ոստիկանապետի տեղակալն առաջադրված մեղադրանքներում արդարացվել է, ճանաչվել անմեղ և վերականգնվել նախկինում զբաղեցրած պաշտոնին

Սիսիանի նախկին ոստիկանապետի տեղակալն առաջադրված մեղադրանքներում արդարացվել է, ճանաչվել անմեղ և վերականգնվել նախկինում զբաղեցրած պաշտոնին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Սիսիանի նախկին ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ Գարիկ Մուրադյանն արդարացվել է և վերականգնվել զբաղեցրած պաշտոնին: Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Գարիկ Մուրադյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։


Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 7-ին Սիսիանում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Վիճաբանությունը ծագել էր Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում, երբ, ըստ ոստիկանության, երկու քաղաքացի խախտել էին ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չէին ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, չէին ներկայացրել անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը, որի համար հրավիրվել էին ոստիկանության Սիսիանի բաժին: Վերջիններիս հարազատները միջադեպի մասին տեղեկանալով՝ հավաքվել են ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց, որտեղ առաջացած վիճաբանությունից հետո մի քանի քաղաքացի հայտարարել էին, որ իրենց նկատմամբ ոստիկանության աշխատողները բռնություն են գործադրել։


Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2021թ մարտի 25-ին ձերբակալվել էր Ոստիկանության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարիկ Մուրադյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ բավարարվել էր նաև քննիչի միջնորդությունը և Գարիկ Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել 309-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ»,- նշեց նա։


Հիշեցնենք նաև` միջադեպի առթիվ հարուցվել է երեք քրեական գործ, մեկը՝ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, եւս 2-ը՝ ՀՔԾ-ում։ Ընդ որում՝ ՀՔԾ-ում քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, իսկ մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար և ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգման համար:


Լիաննա Թորոսյան