Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ ոտքը, կարելի է ասել, «մազից կախված է եղել»։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացնում են հերթապահություն։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։