NASA-ի ղեկավարի հետ խոսելու բան չունեմ․ Միջազգային տիեզերակայանում կգործենք այնպես, ինչպես ճիշտ ենք hամարում․ «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն

NASA-ի ղեկավարի հետ խոսելու բան չունեմ․ Միջազգային տիեզերակայանում կգործենք այնպես, ինչպես ճիշտ ենք hամարում․ «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինն արձագանքել է ԱՄՆ օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության (NASA) հայտարարությանն, ըստ որի Ռուսաստանը միջազգային տիեզերակայանն օգտագործում է քաղաքական նպատակներով։ Ռոգոզինն ասել է, որ չի պատրաստվում որևէ բան քննարկել NASA-ի ղեկավար Բիլ Նիլսոնի հետ, մինչև ԱՄՆ-ը չչեղարկի պատժամիջոցները, որոնք վերաբերում են նաև Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածին։

«Տարօրինակ է, որ NASA-ն ինչ-որ քաղաքական հայտարարություն է անում։ Երեկ ինձ հաղորդեցին, որ NASA-ի ղեկավար Բիլ Նիլսոնն ուզում է ինձ հետ զրուցել հեռախոսով։ Իսկ ինչի՞ մասին պիտի խոսենք։ Խոսելու բան չկա․ թող նախ չեղարկեն մեր ձեռնարկությունների նկատմամբ կիրառվող անօրինական պատժամիջոցները, այդ թվում նրանք, որոնք ուղղակիորեն կապված են Միջազգային տիեզերակայանի՝ ռուսական հատվածի հետ»,- «Россия-24»-ի եթերում ասել է Ռոգոզինը։

««Ռոսկոսմոսը» պատասխան պատժամիջոցներ է սահմանել, բայց եթե նրանք իրենց շարունակեն այսպես պահել, մենք դրանք կավելացնենք»,- հավելել է Ռոգոզինը։

Նա նշել է նաև, որ Միջազգային տիեզերակայանի իր հատվածում Ռուսաստանը կգործի այնպես, ինչպես հարմար ու ճիշտ է գտնում։ 

Նշենք, որ ԱՄՆ օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության՝ նախօրեին տարածած հայտարարությունում ասվում է․«NASA-ն խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Միջազգային տիեզերական կայանը իր քաղաքական շահերին ծառայեցնելու փաստը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն աջակցելու նպատակով։ Դա արմատապես հակասում է կայանի հիմնական նշանակությանը․ 15 երկրների մասնակցությամբ գիտության ու տեխնոլոգիաների զարգացում՝ խաղաղ նպատակներով»։ 

The Washington Post-ի և Ars Technica մասնագիտացված ինտերնետային հարթակի տվյալներով՝ NASA-ի մտահոգության պատճառը հուլիսին ռուս տիեզերագնացների կողմից Միջազգային տիեզերակայանում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների դրոշների ծածանումն է։