Փաշինյանը վերադառնում է ապարդյունք. Լաչինի միջանցքը դեռ փակ է

Արցախում հույսեր ունեին, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում համաձայնություններ ձեռք կբերվեն ու Լաչինի միջանցքը կբացվի: Նման խոստում նրանք ստացել էին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունից:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 26-ից դադարեցրել են ներկայացնել միջանցքը փակած ցուցարարների առօրյան, ուղիղ հեռարձակում միջանցքից չկա: Միայն մի քանի կադրեր են այն մասին, թե որքան անարգել են ռուս խաղաղապահների բեռները շարժվում Լաչինով։
Սա նույնպես խոսում էր այն մասին, որ Բաքուն «նախապատրաստում» է միջանցքի բացումը:
Թեև Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես եռակողմ հանդիպում նախատեսված չէր, սակայն, Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը նախօրեին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Պուտին- Փաշինյան հանդիպման բաց հատվածում Փաշինյանը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում։ «Հիմա ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, կուզեինք քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան»,- ասել է Փաշինյանը:
Թե ինչ են խոսել Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը փակ դռների հետևում, պարզ չէ:
Փաստն այն է, որ գոնե առայժմ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից վերադառնում է ձեռնունայն կամ զրո արդյունքով՝ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ:
Իսկ այս ընթացքում ավելի կոշտանում է Բաքվի հռետորաբանությունը:
Բաքուն Երևանից վերստին պահանջում է վերադարձնել ութ գյուղերը, ամբողջովին դուրս բերել զորքը Լեռնային Ղարաբաղից, վերջ տալ «բոլոր տեսակի սադրանքներին, որոնք խոչընդոտում են» բանակցային գործընթացին, ինչպես նաև Ադրբեջանի հետ համաձայնեցնել Եվրամիության նոր առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի Հայաստանի հատվածում, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասուլիսի ժամանակ։
Լաչինի միջանցքի բացումից հույսները կտրել են նաև Արցախում: Մի խումբ արցախցիներ երեկ երեկոյան պատրաստվում էին գիշերել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ օդանավակայանի տարածքում, պահանջում են հանդիպում զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
Վահրամ Բագրատյան