Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը

Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը

Կիրակի օրը, 16 ամսվա ընթացքում երկրորդ անգամ տիեզերք է ուղարկվել իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը եւ հավելում, որ, Իրանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ, այն հետազոտական նպատակ է ունեցել:

Խոսնակը նշել է, որ հրթիռն ունի շարժման երեք փուլ, որոնցից երկուսը պինդ եւ մեկը հեղուկ վառելիքով: Նա հավելել է, որ տեխնիկական բնութագրերով իրանական արբանյակային կրիչը համեմատելի է ժամանակակից համաշխարհային արբանյակակիրների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ արձակման նպատակը տիեզերական ենթաօրբիտալ թռիչք իրականացնելն է, նշելով, որ սկսվել է հիբրիդային արձակման մեքենայի մշակման երրորդ փուլը՝ օգտագործելով վերջին արձակման տվյալները։

2021 թվականի փետրվարին Իրանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ գործարկել էր «Զոլջենահ» հրթիռը, որ կարող է Երկրից 500 կիլոմետր բարձրության վրա ուղեծիր դուրս բերել 220 կիլոգրամանոց արբանյակ:

Հայտնի է, որ Իրանը երեք ակտիվ արբանյակ ունի՝ «Զոլջենահ», «Սարիրը» եւ «Սորուշը»: