Հունիսի 7-ը՝ Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր

Հունիսի 7-ը՝ Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր

2018 թվականին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան իր A/RES/73/250 բանաձևով հունիսի 7-ը հռչակեց որպես Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր։

Մարդկության կայուն զարգացմանը հասնելու միջազգային հանրության առջև ծառացած նպատակներն անխախտորեն կապված են ոչ միայն լիարժեք և առողջ սնվելու, Երկրի տարբեր տարածաշրջաններում սովի խնդրի հաղթահարման, այլ սննդամթերքի անվտանգության ապահովման, ինչպես նաև` առողջ ապրելակերպի սկզբունքներին հասնելու հետ։

Սննդամթերքի անվտանգությունը պետք է ապահովված լինի իր ստեղծման ողջ ուղու ընթացքում՝ աճելու վայրից, արտադրությունից մինչև մարդու սեղանը։ Այստեղ պետք է հաշվի առնվեն բուսատեսակների արտադրության ժամանակ պարարտանյութերի և վնասատուների դեմ պայքարի միջոցների անվտանգ օգտագործման, մսամթերքների, թռչնի ու ձկների անվտանգ արտադրության, ինչպես նաև ճիշտ տեղափոխման, պահեստավորման ու վերամշակման գործոնները։

Այս բոլոր փուլերում սահմանված նորմերի խախտումները կարող են հանգեցնել մարդու առողջության համար վտանգ ներկայացնող սննդամթերքի առաջացմանը։ Այդ վտանգը հիմնականում կրում է միկրոկենսաբանական կամ քիմիական բնույթ։

Նշենք, որ յուրաքանչյուր տարի աշխարհում ամեն 10 մարդուց մեկը (600 մլն բնակչի հաշվով) հիվանդանում, իսկ 420,000 մարդ մահանում է միկրոբներով, վիրուսներով, մակաբույծներով և քիմիական նյութերով աղտոտված սննդամթերք օգտագործելուց հետո։ Վտանգավոր սննդամթերքը նաև խոչընդոտում է ցածր և միջին եկամուտ ունեցող տնտեսությունների զարգացմանը։