Փաշինյանի իշխանությունը՝ ավտորիտարիզմի ու կոռուպցիայի մարմնավորում

Փաշինյանի իշխանությունը՝ ավտորիտարիզմի ու կոռուպցիայի մարմնավորում

2018-ին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների թվում էր՝ հեղափոխության շնորհիվ իրենց բոլոր հարցերը լուծվելու են։ Իշխանության են եկել «հրեշտակներ», որոնք այլևս ընտրություններ չեն կեղծելու, երկիրը չեն թալանելու։

Նման բան տեսականորեն, իհարկե, հնարավոր էր, եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը կապիտալիզացնեին հեղափոխության արժեքները, դրանք վերածեին քաղաքական, տնտեսական ռեֆորմների։ Թեկուզ դա տեղի ունենար իշխանության վարկանիշի հաշվին։ Միևնույն է՝ կստեղծվեր արդյունավետ մի համակարգ, որը անշրջելի կդարձներ ժողովրդավարական ու ընտրական ինստիտուտների զարգացումը, ինստիտուցիոնալ առումով արմատախիլ կարվեր կոռուպցիան։

Բայց Փաշինյանը գնաց միանգամայն այլ ճանապարհով։

Նա ոչ միայն չվերացրեց, այլ ավելի խորացրեց սուպերվարչապետական համակարգը։ Տեղին է նկատել, որ միֆ է իշխանության այն թեզը, թե հետհեղափոխական Հայաստանում անցկացվում են միայն արդար ընտրություններ։
Եթե նույնիսկ տեղամասերում բռնություններ չեն եղել, լցոնումների փաստեր չկան, առնվազն ԱԺ ու ՏԻՄ վերջին ընտրություններում տեղի է ունեցել վարչական ռեսուսրի տոտալ չարաշահում, քարոզարշավն, իշխանության սցենարով, անցել է ատելության մթնոլորտում, որը ոչնչացնում է մրցակցային ժողովրդավարության, ծրագրային պայքարի բոլոր բաղադրիչները։ Ըստ այդմ, միֆ է օրինական ընտրությունների թեզը։

Էլ չեմ ասում այն մասին, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն, ըստ էության, «խմբագրվում» են՝ ձերբակալությունների, բռնությունների միջոցով։

Երկրում հաստատվել է անձնակենտրոն ավտորիտար համակարգ՝ անարդյունավետ կառավարմամբ։

Պատահական չէ, որ իշխանության մերձավորները սկսել են զբաղվել ասֆալտի գործով, նախկինների գույքեր են յուրացնում կամ գնում, շուկայում հայտնվում են «հեղափոխական» օլիգարխներ՝ մոնոպոլիաներ նվաճելու անհագ ցանկությամբ։

Դեգրադացվում է իշխանությունը՝ հավաքականության մեջ ու առանձին անհատների դեմքով։

«Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, թե ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի:

Հավատացեք՝ սա է իշխանության հավաքական դեմքը, համատարած բարոյալքման հայելին։

Վահրամ Բագրատյան