Արկադի Բարսեղյանն ազատ կարձակվի՞. Պեմզաշենցիները մտավախություններ ունեն

Արկադի Բարսեղյանն ազատ կարձակվի՞. Պեմզաշենցիները մտավախություններ ունեն

Պեմզաշենում մոր՝ Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունից հետո մեղավորների երկու անուն հրապարակվեց։

Պեմզաշենցի Վրույր Բարսեղյանը, որը խոստովանել էր իր մեղքը, խոստովանական ցուցմունքում նշել էր նաև իր ազգական Արկադի Բարսեղյանի անունը, որը հայտնի է «Տիխ» մականվամբ։ Տղամարդիկ երկու ամսով կալանավորվել են։ Արկադի Բարսեղյանն իր մեղքը չի ընդունում՝ վստահեցնելով, որ այդ օրն այլ վայրում է եղել։

MediaHub.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ գյուղում շրջանառվում են լուրեր, թե Արկադի Բարսեղյանը, հավանաբար, ազատ կարձակվի (ենթադրաբար՝ գրավի դիմաց- խմբ.)։ Գյուղացիների խոսքով՝ եթե տեղեկությունը ճիշտ է հասել իրենց, ապա անհասկանալի է իրավապահ մարմինների այսպիսի դիրքորոշումը։

«Արկադիի անմեղությանը գյուղում ոչ ոք չի հավատում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրան ազատ արձակելու մասին շշուկներ են մեզ հասնում․ աններելի կլինի»,- ասում է մեր զրուցակիցը։ Ճիշտ են այս տեղեկությունները, թե ոչ, MediaHub.am-ը փորձեց ճշտել Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանից, սակայն վերջինս ոչ մի հստակ պատասխան չտվեց՝ ավելի խորացնելով կասկածները, որ նման հավանականությունը, այդուհանդերձ, բացառված չէ։

«Չեմ կարող ասել միջնորդություն ներկայացրել ենք գրավի դիմաց ազատելու, թե ոչ։ Շատ տեղեկություն չեմ ուզում հայտնել»,-ասաց նա։ Պեմզաշենում հիմա համեմատաբար ավելի հանգիստ է։ Այս պահին Վրույր Բարսեղյանի տան դիմաց ոստիկանական հսկողություն չեն իրականացնում, փոխարենը՝ հսկվում է Արկադիի տունը։

«Զարմանում եմ, թե ինչու Վրույրի տունն այլևս չեն հսկում, «Տիխի» տունն են պաշտպանում, աբսուրդ է, որի պատասխանը ոչ ոք չի հասկանում»,-ասաց Պեմզաշենի բնակիչներից մեկը։ Պեմզաշենցիները Արկադիի տան տարածքում շարժ են նկատել, մեքենաներ են մտնում, դուրս գալիս։

«Ինչ-որ գալիս են տանեցիները, շորեր են հավաքում, իրեր են տանում: Մեկումեջ բերում տանում են նրանց, բայց Վրույրի տունը լրիվ անտերության է մատնված»,- փոխանցեց նա։

MediaHub-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը՝ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինիս փաստաբանը պնդում է նրա անմեղությունը:

Լիաննա Թորոսյան