ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան:
Մեծ է հավանականությունը, որ նախարարը մեկնել է հնդկական արտադրության զենք-զինատեսակներ ձեռք բերելու խոսակցություններն ավելի առարկայական դարձնելու նպատակով: Բնականաբար, այցից շատ մանրամասներ հայտնի չեն դառնա, քանզի, հասկանալի պատճառներով, նման պայմանավորվածությունները չեն հանրայնացվում:
Այն, որ Հայաստանը հետաքրքրված է հնդկական արտադրության զինատեսակներով, խոսվում է արդեն տևական ժամանակ: Խոսակցությունները հատկապես ինտենսիվացան այս տարի: Մասնավորապես, ապրիլի 13-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը շեշտադրել էին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Դեսպան Դեվալը նաև իր հարցազրույցներից մեկում էր ասել, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ:
Արդեն հուլիսին հնդկական DNA պարբերականը գրեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ: Պարբերականը հիշեցրեց, որ ամռան սկզբին Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ՝ հենց այդ նպատակով:
Սեպտեմբերի վերջին Հնդկաստանում լույս տեսնող հեղինակավոր անգլալեզու գործարար պարբերականը՝ Economic Times-ն իր՝ «Զինելով Հայաստանը» հոդվածում գրեց՝ առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստան:
Ըստ աղբյուրի, մատակարարվելիք սպառազինության թվում են լինելու հակատանկային հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգեր։ Պարբերականը նաև պնդել էր՝ Երևանի և Դելիի միջև զենքերի ձեռքբերման շուրջ պայմանագիրը ստորագրվել է։
Մինչդեռ ՀՀ ՊՆ-ն այս մասով պարզաբանումներից խուսափեց, ինչպես նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զերծ մնաց մեկնաբանելուց: MediaHub-ի հարցումները թե՛ պաշտպանական գերատեսչություն, թե՛ դեսպանություն դեռ պատասխան չունեն:
Ի դեպ, եթե հավատանք նույն հնդկական պարբերականներին՝ Հնդկաստանից զենք գնելու փորձ Հայաստանն արդեն ունի: 2020 թվականին, մասնավորապես, այդ երկրի հետ Երևանը 40 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ու գնել 4 SWATHI ռադիոտեղորոշիչ համակարգ։