Հայաստանը պետք է այդքան քաղաքական կամք ունենա, որ գերիների հարցը բարձրաձայնի․ Աբովյանը՝ 5 կետում գերիների հարցը չներառելու մասին

Հայաստանը պետք է այդքան քաղաքական կամք ունենա, որ գերիների հարցը բարձրաձայնի․ Աբովյանը՝ 5 կետում գերիների հարցը չներառելու մասին

Կապիտուլյացիոն ակտ ստորագրած իշխանությունից ամեն ինչ էլ սպասելի է։ Այս իշխանության քաղաքական միտքը շարժվում է միայն ադրբեջանական և թուրքական շահերի ներքո։ Այլ կերպ բացատրել այս ամենը՝ հնարավոր չէ։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 կետերը` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն է դիմել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Աբովյանը նկատեց, որ 5 կետերից 4-ում խոսվում է տարածքային ամբողջականության մասին։

«Ադրբեջանը խնդիր ունի՝ ճնշել հայկական քաղաքական և ազգային միտքը և ստիպել, որ Հայաստանը դեյուրե ստորագրի կապիտուլյացիոն ակտը, որով Հայաստանն իսպառ կհրաժարվի Արցախից։ Համաձայնվում են, որ Արցախը պիտի գնա Ադրբեջանի տիրապտության տակ և այս ամենի ֆոնին մենք հասկանում ենք՝ հայերի տարհանում կամ ոչնչացում»,- ասաց նա։

Ձևակերպումներից մեկում նշվում է նաև միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչման մասին։ Նախկին պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նպատակն այն է, որ Հայաստանը զրկվի քաղաքական և դիվանագիտական բոլոր լծակներից։ Դիտարկանը, թե գերիների մասին ոչ մի խոսք չկա կետերում և նույնիսկ Հայաստանը չի բարձրաձայնել այդ մասին՝ Աբովյանը պատասխանեց՝ Ադրբեջանը գերիներին պատանդի կարգավիճակով է պահում։

«Ադրբեջանը վաճառում կամ փոխանակում է ՀՀ քաղաքացիներին։ Պետք է հասկանալ, որ այդ համաձայնագրի մեջ գերիների վերադարձի մասով ոչ թե կետ էր պետք ներառել, այլ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում բարձրաձայնել այդ մասին։ Հայաստանը պետք է այդքան քաղաքական կամք ունենա, որ գերիների մասին բարձրաձայնի»,- նշեց Աբովյանը։

Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր, որ կողմերը պետք է մնան այնտեղ, որտեղ կանգնել են, բայց թշնամին շարունակեց առաջ գալ, հին քարտեզներ առաջ բերեց և ավելին պահանջեց, գուցե նույն վտանգը հիմա էլ լինի՝ Աբովյանն արձագանքեց՝ իհարկե, կա և սա ցույց է տալիս այն, որ հայը թուրքի և ադրբեջանցու հետ փաստաթուղթ է ստորագրել և համաձայնության գնացել։

«Թուրքիան և Ադրբեջանը թքած ունեն բոլոր տեսակի պարտավորությունների վրա։ Սահմանազատումը և սահմանագծումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը գեղեցիկ արտասահմանյան բառերի ներքո փորձելու է և անելու է գործընթացներ, որն իրեն հնարավորություն կտա վերահսկել Հայաստանի տարծքով անցնող ճանապարհները՝ Սյունիք, Տավուշ, Վարդենիս և այլն»,- շեշտեց նա։

Աբովյանի պնդմամբ՝ 5 կետերն իրենցից պարզապես կապիտուլյացիոն նոր ակտի կետեր են ներկայացնում։

Լիաննա Թորոսյան