Հազրեվարդ. բուրավետ համեմունքի բացառիկ բուժիչ հատկությունները

Հազրեվարդ. բուրավետ համեմունքի բացառիկ բուժիչ հատկությունները

Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող մշտադալար, մինչև 1 մ բարձրությամբ թփանման բույս է։ Տերևները նստադիր, հակադիր են, տերևաթիթեղը երկարավուն-գծային է, ամբողջաեզր, կաշվեպատ, վերևի կողմում` վառ կանաչ, իսկ ցածրից պատված է սպիտակավուն խավով։

Ծաղկաբույլը մինչև 10 ծաղիկ պարունակող գագաթային ողկույզ է, ծաղկման շրջանը երկարատև է։ Պտուղն ընկուզիկ է։

Ըստ ավանդազրույցի` Մարիամ Աստվածածինը դնում է բարուրած որդուն սպիտակ ծաղկած խիտ թփի ստվերում և գնում դեպի գետը, մինչև նրա վերադառնալը ծաղիկների գույնը փոխվում է կապույտի։ Նման գույն ունեն նաև վուշի և տերեփուկի ծաղիկները։
Ոչ մի բույս այդչափ հայտնի և կիրառելի չի եղել անտիկ դարաշրջանում և միջնադարում, որքան հազրեվարդը։
Ըստ առասպելների` Օլիմպոսի աստվածները մազերը զարդարել են հազրեվարդի ճյուղերով։

Լատիներեն Rosmarinus=ծովի ալիքի փրփուր, անգլերեն` Rosemary=Մարիամի ծաղիկ։
Քրիստոնեական մշակույթում հազրեվարդը հավերժության, ճշմարտության, իմաստության, հավատարիմ սիրո խորհրդանիշ է։
Բոլոր ժամանակներում համարվել է, որ հազրեվարդն աստվածներին արժանի բույս է։

Հազրեվարդը մաքրում է արյունը, ըստ Դիոսկորիդիսի` ունի մարմինը ջերմացնող հատկություն, օգտակար է սեռական խանգարումների դեպքում` ուժեղացնում է փոխադարձ սիրո զգացումը։

Բժիշկները կարծում են, որ հազրեվարդը վերականգնում է նույնիսկ ծանր վիրահատության ենթարկված հիվանդի ուժերը։

Նյարդային խանգարում, անուժականություն. 300 գ թարմ (200 գ չոր) տերևը 10 ժամ թրմեք 3 լ եռջրի մեջ, տաք տեղում։ Առավոտյան թուրմը քամեք, լցրեք լոգանքի (38-40 C) ջրի մեջ։

Հազրեվարդն ունի արտահայտված հակաբորբոքային և հականեխիչ հատկություն. Հնում այն դրել են գրքերի և շորեղենի պահարանների մեջ, ծխել են (ուրցի հետ) եկեղեցիներում և այլ մարդաշատ վայրերում։

Համարվել է, որ բույսը վանում է չարքերը, բարձրացնում է տրամադրությունը, երջանկություն և հավերժ երիտասարդություն է պարգևում։ Անգլիացիները կախել են ճյուղերը դռան վերևը, իսկ Ուէլսում այսօր էլ համոզված են, որ հազրեվարդի բնափայտից պատրաստված գդալը բարձրացնում է ուտեստների օգտակարությունը։
Հազրեվարդը շատ հարգի է ժամանակակից Ֆրանսիայում, Իտալիայում և Անգլիայում, մշակվում է Ղրիմում և Վրաստանում` որպես համեմունք և արժեքավոր եթերային յուղ ստանալու նպատակով։

Մեր հարևանները լայնորեն օգտագործում են այն որպես համեմունք` հատկապես սացիվիի մեջ։

Հեռվից հազրեվարդը նման է փշատերև բույսի, և իրոք տրորելիս արձակած բուրմունքը հիշեցնում է սոճին, գիհին, եղևնին, և այլն։

Բույսի էներգետիկան հանում է հոգնածությունը, վախի և տագնապի զգացումը (հատկապես երեխաների մոտ), հանգստացնում է անհավասարակշռված, հիստերիկ մարդկանց։

Հազրեվարդի չոր տերևներից պատրաստում են թեյ. 1 ճ/գ հումքը լցրեք 300 մլ ջրի մեջ, եփեք մինչև եռալը, թրմեք։ Խմեք 50-ական մլ` օրը 5-6 անգամ, վերջինը` քնելուց 2-3 ժամ առաջ։

Թեյը կարգավորում է արյան շրջանառությունը, նպաստում ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։ Խորհուրդ է տրվում խմել այտուցվածության, փքվածության, մարսողության խանգարման, գազերի կուտակման դեպքում։
Գլխացավ. 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, դրեք թրջոց։
Հերպես. Հազրեվարդի այդ բացառիկ հատկությունը կայանում է նրանում, որ եթերային յուղը և վերգետնյա մասից ստացված պատրաստուկներն ի զորու են ճնշել հերպեսի վարակը։

Հազրեվարդը և գինին լավացնում են տեսողությունը և ամրացնում փոխադարձ սերը.

Տեսողությունը պայծառացնող. Հավաքեք տերևը և ծաղիկը, մանրացրեք։ 50 գ հումքը 48 ժամ թրմեք չոր սպիտակ գինու մեջ, մութ տեղում, քամելու անհրաժեշտություն չկա։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Սիրո բալասան. 20 գ չոր հումքը 5 օր թրմեք 700 մլ կարմիր գինու մեջ։ Խմեք 25-ական մլ` օրը 2 անգամ, ուտելու ժամանակ։

Ոգեթուրմ

50 գ չոր հումքը 10 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում, պարբերաբար թափահարեք տարան, քամեք, զտեք քառատակ ծալած թանզիֆով։

Հիպոտոնիա. 150 մլ եռջրում լուծեք 45 կաթիլ ոգեթուրմ։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 1 թ/գ մեղրի հետ։ Շարունակեք 15 օր, կրկնեք 10 օրից։
Ռևմատիզմ, հոդատապ. Ներմերսեք ոգեթուրմը ցավոտ մասերին։
Կոպերի այտուցվածություն. 1 թ/գ հազրեվարդի չոր տերևը 1 ժամ թրմեք 100 մլ եռջրի մեջ, դրեք թրջոց։
Նոր առաջացող կնճիռներ. Խառնեք հավասար քանակի երիցուկի և վաղենակի ծաղիկներ, դաղձի և հազրեվարդի տերևներ։ 60 գ հումքը 15 օր թրմեք 700 մլ չոր սպիտակ գինու մեջ, քամեք։ Մաքրեք դեմքը ոգեթուրմով և մշակեք ճարպոտ մաշկի խնամքի համար նախատեսված քսուքով։
Թեփի դեմ. 2 ճ/գ խոտը լցրեք եռջրի մեջ, 2-3 րոպե եփեք, 10-15 րոպե թրմեք, քամեք։ Մաքուր լվացած մազերը ցայեք եփուկով։
Մազաթափություն. Սոֆորա ճապոնականի պատիճը մանրացրեք, խառնեք հազրեվարդի չոր խոտի հետ (1։1), 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք և զտեք։ Ներմերսեք գլխամաշկին և քսեք մազերին։

Հազրեվարդի եթերային յուղը կիրառվում է մոտ 40 հիվանդությունների բուժման համար, սակայն, կախված կլիմայական պայմաններից` բաղադրությունը և ազդեցության չափը կարող են փոփոխվել։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Հեպատիտ, խոլեցիստիտ. 2-ական կաթիլ վարդի, հազրեվարդի, եղեսպակի յուղերը լուծեք 20 մլ բուսայուղի մեջ, կատարեք մերսում լյարդի շրջանում` ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Գիրություն. 36-38 C ջերմաստիճանի լոգանքի ջրի մեջ լուծեք 1 ճ/գ ծովի աղ, 4-ական կաթիլ` նարնջի և կիտրոնի, 2 կաթիլ հազրեվարդի եթերային յուղեր։ Կատարեք 15 լոգանք` 10-15 րոպե տևողությամբ, օրը մեջ։