ՌԴ-ում ՀՀ դեսպանը հետ է կանչվում, Ինչ է արվում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին բերելու ուղղությամբ․ Մամուլը՝ սուրճով

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հետ է կանչվում, Ինչ է արվում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին բերելու ուղղությամբ․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ձերբակալեց, ինչի մասին հայտնեց նրա կինը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտնեց, որ Վարդանյանը կալանավորվեց 4 ամսով։

Ադրբեջանի ԱԱԾ-ն նաեւ հայտնեց, որ ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւս ձերբակալված է, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների, եղել է Ռուբեն Վարդանյանի մեքենայում, այսինքն՝ նրանք ձերբակալվել են նույն օրը: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւս գերեվարված է:

Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ: Սա դեռ միայն պաշտոնյաների մակարդակում տեղի ունեցած գերեվարություններն են, եւ միայն վերջին օրերին: Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ, անչափահասներ այսօր Ադրբեջանի գերեվարության մեջ են:

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս կապակցությամբ հայկական արդեն միակ պետությունը՝ Հայաստանը: Այն մարմինները, որոնք որ, ենթադրվում է, պետք է գործունեություն ծավալեին այս ուղղությամբ, բազմաբովանդակ լռում են: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել պետության ղեկավար մարմիններին՝ հասկանալու, թե ինչ քայլեր է անում ՀՀ-ն 2020թ. պատերազմի ընթացքում եւ հետո գերեվարվածներին, 2023թ. գերեվարված Արցախի Հանրապետության 3 նախագահներին եւ ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Նաեւ խնդրել ենք կոնկրետ նշել՝ վերջին քայլը Հայաստանի կողմից որն է եղել այդ ուղղությամբ, երբ եւ ինչ պատասխան է տվել Ադրբեջանը դրան: Նախագահն իր աշխատակազմով թեեւ փայլում է հարցումներին պատասխանելու արագությամբ, սակայն նույնը չի կարելի ասել նրա գործունեության հետ կապված: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- տեղեկացնում են նախագահականից:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարոն Խաչատուրյանի լիազորությունների մեջ է մտնում միայն ծնունդներ շնորհավորելն ու դեսպաններին ընդունելը, իսկ թե այդ ընթացքում Հայաստանը կշարունակի արդյոք քարտեզի վրա լինել, կամ լինելու դեպքում էլ մարդ կմնա արդյոք ներսում, թե բոլորը կգերեվարվեն, միեւնույնն է: Կարճ ասած, եկե՛ք տխուր բաներից չխոսենք:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հնարավոր ամեն առիթի դեպքում խոսում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», «խաղաղության դարաշրջանի», հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ավելին, անընդհատ շեշտում է, թե «ինքը շատ ուրախ կլինի, երբ կողմերի միջև բոլոր հարցերը հստակեցված լինեն, և պայմանագրի ստորագրման ժամկետները որոշակի դառնան»:

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել, և չի բացառվում, որ այն առաջիկայում ստորագրվի»։ Թեմայի հետ կապված թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ վերջին ամսվա ընթացքում «խաղաղության պայմանագրի» վրա նախարարության գրեթե ողջ թիմն աշխատում է օրուգիշեր։ Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ համաձայնագրի տեքստն, ըստ էության, հիմնականում պատրաստ վիճակում է, հստակեցվում են որոշ առանցքային իրավական կարգավորումներ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, խորհրդարանում չորեքշաբթի կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնարավոր է այդ մասին որոշակի «անոնս» լինի (Փաշինյանը կամ Միրզոյանը այս մասին հնարավոր է առնվազն ակնարկներ հնչեցնեն)։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են դատավորների հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես վարվեցին կարիքավորների հետ, երբ 2-3 հազար դրամով բարձրացրին թոշակը, իսկ նպաստները կտրեցին։ Դատավորների պարագայում խոսքը հավելավճարների մասին է։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջին ատյանի եւ վարչական դատարանի դատավորների համար հավելավճար է սահմանվել պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։ Առաջին հայացքից թվում է, թե սա դատավորների աշխատավարձի 60 տոկոս բարձրացում է, սակայն մեկ այլ փոփոխությամբ սահմանվել է, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին աշխատելու դեպքում դատավորներին հավելավճար չեն տալու։

Նշենք, որ հատկապես քրեականի դատավորներն են հաճախ ստիպված լինում արտաժամյա եւ ոչ աշխատանքային օրերին աշխատել, երբ մինչդատական վարույթի շրջանակներում խափանման միջոցի, ձերբակալության միջնորդություններ կամ բողոքներ են քննում, խուզարկության եւ օպերատիվ աշխատանքների թույլտվություններ են տալիս։ Դատավորներից մեկը մեզ ասաց, որ արտաժամյա եւ ոչ աշխատանքային օրերին աշխատելու դեպքում հավելավճարն ամսական հասել է մինչեւ 300 հազար դրամի, եւ սա բավականին շոշափելի ստիմուլ է եղել, հիմա, փաստորեն, զրկվելու են այդ գումարից: Մյուս կողմից, ըստ դատավորի, իրավունքի տեսանկյունից խնդիր կա՝ ի՞նչ է նշանակում՝ կիրակի օրն աշխատել եւ դրա դիմաց չվարձատրվել։ Այսինքն՝ ստացվում է, որ հերթական անգամ իշխանությունները շոու են բեմադրում, թե աշխատավարձ են բարձրացրել, որպեսզի Փաշինյանն իր հերթական ասուլիսում ասելու բան ունենա, սակայն դատավորների վարձատրությունն իրականում չի փոխվում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ո՞վ է ՀՖՖ մերօրյա նախագահը: Արմեն Մելիքբեկյանը, որը ժամանակին սպորտային լրագրող էր, 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այն, որ Մելիքբեկյանը այդքան էլ տեղյակ չէ այն ամենից, ինչով զբաղվում է, դա հարցի ցավալի կողմերից միայն մեկն է. առավել ուշագրավ է այն, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը աղմկահարույց բացահայտումներ էր արել Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ, սակայն դրան ոչ մեկ ուշադրություն չէր դարձրել:

Մասնավորապես, Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ գիտի, թե ով է ՀՖՖ ներկայիս նախագահը. «Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքականի հետ մեկնել էր Իսպանիա: Ով որ խումբը ղեկավարում է, նրան մենք տալիս ենք քարտ, որի վրա գումար կա: Մելիքբեկյան Արմենը Իսպանիայից եկավ ու հայտարարեց, որ իր քարտը գողացել են, գումարն էլ՝ քաշել (մի քանի հազար եվրո)»:

Ասել է թե՝ գողություն: Սրան ի պատասխան՝ Մելիքբեկյանը պարզաբանել էր, որ խոսքը 2008 թվականի միջադեպի մասին է, երբ Բարսելոնայում իրենից գողացել են բանկային քարտը, ապա վստահեցրել է, թե, իբր, իր անձնական միջոցներից վերադարձրել է, եւ որ դա վկայող փաստաթղթեր էլ կան: Բնականաբար, այդպես պետք է ասեր նախկին սպորտային լրագրողն ու ֆեդերացիայի մերօրյա նախագահը, բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, անկրակ ծուխ չի լինի:

Հենց այս դեպքից հետո էլ Մելիքբեկյանը ազատվել էր աշխատանքից յուրացումների պատճառով: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 21-ից՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, եւ հավակնում էին այդ պաշտոնին ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը։ Sputnik Armenia-ն գրեց, որ Հայրապետյանը իրեն մեղավոր է զգում, որ նախկինում աշխատանքի է ընդունել ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանին եւ Արմեն Նիկողոսյանին։

Ավելին՝ նա ներողություն էր խնդրել մեկնաբան, ՀՖՖ նախկին մամուլի քարտուղար Սուրեն Բաղդասարյանից (որը զգուշացրել էր իրեն այս քայլից) նրա խորհուրդը չլսելու համար։ Հիշեցնենք, որ նույն Մելիքբեկյանին երկու անգամ են անվստահություն հայտնել: Մի անգամ էլ դա եղել է 2019թ.-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր:

«Իրավունքի» հավաստի տեղեկություններով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվում, ավելին նրան փոխարինողի անունն է փոխանցվել ՌԴ ղեկավարությանը, որը սակայն մերժվել է:

ՀՀ իշխանությունները ԱԺ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի թեկնածությունն էին առաջադրել, որը մերժվել է ՌԴ-ի կողմից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշտարակի ՔՊ-ի «սրտի քաղաքապետ» Թովմաս Շահվերդյանին նախաքննական մարմինը որոշել է, որ պետք է հարցաքննի։

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահներին զանգեր են կատարել քաղաքապետին «փրկելու» հարցով: Բացի այդ, կատարված դեպքը փորձում են ջարդել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ որդու գլխին։ ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին վիրավորում ստացած տարել էին հիվանդանոց:

Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:

Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով, իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու:

Եւ մինչ ոստիկանները հսկում են տարածքը, դեպքի վայր է գալիս մոտ 40-հոգանուց խումբ, ու սկսում են քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոտիկանների ներկայությունը չի սաստում խմբի անդամներին դադարեցնելու «մարտաֆիլմը»: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանում է ավտոմատը ու կրակում, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվում է Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։

Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Ամեն դեպքում, մենք կհետեւենք քննության ընթացքին:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ն հոկտեմբերի 3-ին ընդունեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունը: Կողմ էր քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 23-ը, ձեռնպահ չկար: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները կա՛մ դեմ էին քվեարկել, կա՛մ պարզապես չէին քվեարկել, այսինքն՝ Հռոմի ստատուտը վավերացվել է ՔՊ խմբակցության պատգամավորների քվեներով: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր:

Բանն այն է, որ քվեարկությունից բացակայում էին Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Կարեն Համբարձումյանը, Մաթևոս Ասատրյանը, Վահե Ղալումյանը, Քրիստինե Պողոսյանը, Կնյազ Հասանովը, իսկ Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը չէին քվեարկել: Չնայած որոշ պատգամավորներ փորձեցին պատճառաբանություններ ներկայացնել իրենց բացակայության կամ չքվեարկելու համար, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացել է, որ Հռոմի ստատուտը ոչ թե «տպավորիչ քվեներով», այլ մի կերպ վավերացվեց (հիշեցնենք, որ ՔՊ-ն 71 մանդատ ունի):

Ըստ այդմ, Փաշինյանը վերոնշյալ պատգամավորների «քթից է բերում» և, ինչպես կառավարության մեր աղբյուրը նշեց, բացակայած կամ չքվեարկած պատգամավորներին «հատ-հատ ցեխն է մտցրել»: