Դատախազը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ–ի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել

Դատախազը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ–ի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է:

Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, քրեական գործի շրջանակում Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու եւ վերացնելու ուղղությամբ:

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում 06.04.2021թ.  տեղի ունեցած հրդեհի եւ 14.08.2022թ. տեղի ունեցած պայթյունի դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը դեռեւս 2021 թվականին հանձնարարել է ստուգում իրականացնել «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում: Ստուգման արդյունքներով օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ, եւ արձանագրվել դրանց վերացման ժամկետները:

Պարզվել է նաեւ, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ եւ ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում համաձայն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների:

Քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երեւան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի:

Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել են տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների  16 խախտումներ: Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին եւ կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որեւէ գործողություն չի իրականացվել:

Մինչդեռ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի  առաջացման պատճառ են հանդիսացել: Ելնելով վերոգրյալից եւ նոր նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով` Երեւան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երեւանում գործող խոշոր առեւտրի կենտրոններում եւ հատկապես այն առեւտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առեւտրի սրահներում եւ մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻՆ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաեւ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչեւ ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը: