Իհարկե, Արկադին կարդարացվի․ փաստաբանը բացառում է Բարսեղյանի կապը Պեմզաշենի դաժան դեպքի հետ

Իհարկե, Արկադին կարդարացվի․ փաստաբանը բացառում է Բարսեղյանի կապը Պեմզաշենի դաժան դեպքի հետ

Սխալ են ձեր այն տեղեկությունները, թե 12-ամյա աղջկան Արկադին է բռնաբարել։ Կենցաղային խոսակցություններ են, գործի նյութերով նման տեղեկություն ինձ հայտնի չէ։ Արկադին այդ օրը այլ վայրում է եղել, չեմ կարող ասել, թե որտեղ, նախաքննական մարմինն իր բոլոր ցուցմունքները կստուգի, կհրապարակի հետո։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում ընտանիքի դաժան սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը։ Հարցին՝ եթե Արկադին իր մեղքը չի ընդունում և փաստաբանն էլ պնդում է, որ պաշտպանյալն այլ վայրում է եղել, հնարավո՞ր է մեղադրյալն արդարացվի, վերջինս պատասխանեց․ «Իհարկե։ Կարճ ասեմ՝ Արկադին ինչ ասել է, այդ բոլորը հնարավոր է ստուգել, պարզել, ապացույցել, այսինքն, տեսախցիկների արձանագրությամբ, այդ պահին իր հետ եղած անձանց հայտնած տեղեկություններով։ Նախաքննական մարմինն ուղղակի պետք է զբաղվի, պարզի»։

Փաստաբանը նշեց, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այդ օրը Արկադի Բարսեղյանի հետ եղած մարդիկ ցուցմունք տվել են. «Նախաքննական գաղտնիք է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նրանք երկուսն էլ կալանավորված են։

Լիաննա Թորոսյան